Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևը վաղուց արդեն մտել էր։ Մի քանի լապտերներ միայն մնացել էին վառ, նրանք ևս մարեցան, և երեկոյան ծանր խավարը տիրեց վաճառականների մթին աշխարհը։ Այդ միջոցին երկու դրացիները կողպեցին իրանց խանութները և միասին դուրս եկան քարվանսարայից։

— Գնանք մի փոքր ման գանք, — աոաջարկեց Աղա-Պարոնովը։— Զով գիշեր է։

Քարվանսարայի Կրեսոսի ուշադրությունը զարմացրեց պարոն Արուսյանին, որովհետև նա սովորություն չուներ փողոցներում իրանից ստորին անձանց հետ զբոսնելու և մանավանդ պարոն Արուսյանի հետ, որին սաստիկ ատում էր։

— Ներեցեք, հարգելի Սերգեյ Եգորիչ,— ասաց երիտասարդը,— մեծ ուրախությամբ կգայի, բայց տանը փոքր-ինչ գործ ունեմ։

— Օրհնած, միշտ գո՛րծ, միշտ գո՛րծ, պետք է երբեմն էլ հանգստության համար մտածել։

— Բայց այնպիսի գործ է, որ հետաձգել չեմ կարող։

— Դարձյալ «էն բաներեմեն կուլի».․.,— նկատեց Աղա-Պարոնովը ծիծաղելով։

— Կամ «էն բաներեմեն», կամ մի ուրիշ բան, հարգելի Սերգեյ Եգորիչ,— պատասխանեց պարոն Արուսյանը, նույնպես ծիծաղելով։— Ով ինչ որ սիրում է, նրան այն է դուր գալիս, թեև շատ հասարակ բան լիներ։

Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը և բաժանվեցան։ Պարոն Արուսյանր դիմեց դեպի յուր բնակարանը, իսկ Աղա-Պարոնովը յուր ծանր քայլերն ուղղեց դեպի Գալավինսկի պրոսպեկտը ծանոթներին հանդիպելու և նոր «խաբարներ» լսելու։ Նրա համար տուն չկար, ընտանիք չկար։ Խանութից տուն վերադառնում էր նա այն դեպքերում միայն, երբ հյուրեր ուներ, և հարկադրիչ պահանջը ստիպում էր նրան տանը գտնվել։

Բայց նրա նկատողությունը՝ պարոն Արուսյանի այնպես շտապով տուն գնալու մասին առանց խորհրդի չէր։ Նա գիտեր, որ գիշերները զանազան երիտասարդներ հավաքվում են պարոն Արուսյանի մոտ, ժամանակ են անցկացնում և զանազան բաների վրա խոսում են,— իսկ թե ի՞նչ բաների վրա, թեև այդ մասին ճիշտ տեղեկություն չուներ, բայց, այնուամենայնիվ, նրան ոչ միայն զարմացնում էր, այլ խիստ ծիծաղելի էր թվում, որ մարդիկ նստում են, իզուր խոսում են այնպիսի հարցերի մասին, որոնցից' նյութապես առանձին շահ չունին։