Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարոն Արուսյանը սեփական տուն չուներ. երկու սենյակ միայն վարձել էր նույն փողոցի վրա, ուր գտնվում էր Աղա-Պարոնովի եռահարկ տունը։ Խանութով դրացի լինելով, յուր բնակարանով ևս շատ հեռու չէր նրանից։

Վերադառնալով յուր կացարանը, լամպան վառ գտավ, սեղանի վրա դրած էր մարած սամովարը, իսկ նրա մոտ՝ դատարկ թեյամանը մի քանի հոգնած բաժակների հետ, որոնք այնպիսի տխուր տպավորություն էին գործում, որ, կարծես, հենց նոր էին ազատվել խմողների ագահ շրթունքներից։ Բաժակների մոտ ածած էին պանրի, հացի, երշիկի կտորտանքներ, որ լրացնում էին թեյի սեղանի անկարգությունը։

Փոքրիկ սենյակը սաստիկ ծխված էր. լամպայի աղոտ լույսը հազիվ թափանցում էր տիրող մառախուղի մեջ։ Երիտասարդը զարմանալով աչք ածեց յուր շուրջը և ապա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, որ խեղդող օդը փոխվի։

Առավոտյան, խանութը գալու միջոցին, պատվիրել էր ծառային, որ երեկոյան սամովարը շուտ դնե, փոքր-ինչ ընթրիք պատրաստե, որովհետև գիշերը հյուրեր պիտի ունենա։ Բայց մի՞թե նրանը եկել էին և, իրան չսպասելով, դարձյալ գնացել էին։

նա ձեռքը տարավ դեպի զանգակի պարանը, մի քանի անգամ ձիգ տվեց։ Խոհանոցից, աչքերը տրորելով և հորանջելով, հայտնվեցավ քնաթաթախ սպասավորր, որ, միևնույն ժամանակ, խոհարարի պաշտոն էր սատարում։ Երիտասարդը նայեց նրա երեսին և ծիծաղելով հարցրեց.

— Դարձյալ քնա՞ծ էիր, Հայրապետ։

— Ապա ի՞նչ անեի,— պատասխանեց նա Խռպոտ ձայնով։ — նստեցի. այնքան նստեցի, մենչև քունս տարավ։

— Այստեղ մարդիկ եղել են։

Հայրապետի քնեած աչքերը սկսեցին զարմացմամբ խուզարկել ծխված սենյակի շուրջը։

— Եղել են,— պատասխանեց նա անփույթ կերպով։— Եկան, նստեցին, հրհռացին, բայց հիմա չկան։

— Տեսնում եմ որ չկան։ Ո՞վքեր էին։

Հայրապետը ձեռքր տարավ դեպի ճակատը, սկսեց սաստիկ շփել, որ հիշողությունը ամփոփե։

— Մեկը այն երկար մազերով տղան էր,— ասաց նա մի նշանավոր գյուտ արածի նման։

— Ո՞ր երկար մազերով տղան։