Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այն, որ ձեռքին հաստ փայտ է ման ածում և, ման գալու ժամանակ, գլուխը գիժ մոզիի նման միշտ ժաժ է տալիս։

Պարոն Արուսյանը հասկացավ, թե ում մասին է խոսում։

— Մյուսը ո՞վ էր,— հարցրեց նրանից։

— Մյո՞ւսը,— մի առանձին հեգնությամբ կրկնեց Հայրապետը,— մյուսը այն կաղն էր։ Աջ ոտից խո չոլախ էր ու չոլախ, իսկ այս գիշեր սկսել էր ձախ ոտիցն էլ կաղալ. ասում էր կոշիկս հուպ է տայիս։

— Երրո՞րդը։

— Երրորդը այն պատռտված վարժապետն էր, որ միշտ գալիս է, ասում է, դասեր չեմ գտնում, և քեզնից փող է վեր առնում։ Ախար նրանց ո՞վ տուն կթողնե։ Ով որ նայելու լինի, կվախենա, չլինի՞ թե նախասենյակից պալտո գողանա։

— Չորրո՞րդը։

— Նրան չճանաչեցի, առաջին անգամն էի տեսնում, նոր մարդ է։ Մի ակնոցավոր տղա էր։ Քթի տակից միշտ երգում էր, ո՞ւմ համար էր երգում, ինքն էլ չգիտեր։

Հայրապետի թե՝ արհամարհանքը և թե տհաճությունը այցելուների վերաբերությամբ այնքան սովորական էր, որ պարոն Արուսյանը առանձին ուշադրություն չդարձրեց, միայն կամեցավ յուր մշտական պատվերը այս անգամ ևս կրկնել, որ յուր բացակայության ժամանակ՝ ով որ գալու լինի՝ պետք է նրա անունը հարցնե, որ իրան ասե։

— Այսպես չէ կարելի, Հայրապետ,— նկատեց նրան,— ինչո՞ւ անունները չես հարցնում։

— Հարցնում եմ, որ միտքս չէ մնում, ի՞նչ անեմ,— պատասխանեց նա փոքր–ինչ զայրացած ձայնով, որ դժվար էր որոշել, արդյոք յուր մոռացկոտ մտքի վրա է բարկանում թե՞ պարոնի ծանր առաջարկության վրա։

— Գրել խո իմանում ես, հարցրու և իսկույն գրիր, որ չմոռանաս։

— Մատիտս կորցրել եմ։

— Դու միշտ կորցնում ես քո մատիտը։ Եկ, քեզ մի նոր մատիտ կտամ։ Երիտասարդը մոտեցավ գրասեղանին, որ նրան նոր մատիտ տա։ Իսկ Հայրապետը մոտեցավ թեյի սեղանին և, նկատելով նրա վրա տիրող անկարգությանը, բոլորովին գժվեցավ։ Սկսեց ինքն իրան տրտնջալ.