Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հազար անգամ ասում եմ, երբ դու տանը չես, պետք չէ ոչ մի մարդու ներս թողնել։ Նա ինձ չէ լսում։ Ա՛յ, կգան ու այդպես կանեն։ Սամովարը դատարկել են, հացը կերել են, շաքարը պրծացրել են և ստաքանները այսպես կեղտոտ թողել գնացել են։ Արի ու նորից սամովար դիր, նորից ստաքանները լվա։ Ես ում համար էի պատրաստել, ովքեր եկան լափեցին...

— Վնաս չունի, Հայրապետ,— աշխատում էր հանգստացնել նրան պարոն Արուսյանը։

— Նրանք շատ լավ տղերք են, շատ լավ տղեք են, դու իզուր ես բաարկանում նրանց վրա։

— Հա՛, ուտելու, խմելու, փողի համար շատ լավ տղերք են...,— գլուխ շարժելով մրթմրթաց Հայրապետը և սկսեց սեղանի վրա թափված փշրանքները հավաքել։

Պարզամիտ Հայրապետի վրդովմունքը մի առանձին զվարճություն էր պատճառում պարոն Արուսյանին։ Ժպտալով ասաց նրան.

— Աշխարհի բանը այդպես է, Հայրապետ, այսօր ես ունիմ, նրանց կտամ, ո՞վ է իմանում, մի օր էլ ես չեմ ունենա, նրանք ինձ կտան։

— Նրանք երբեք փողի տեր չեն դառնա։ — Ինչո՞ւ, Հայրապետ։ Նրանք ավելի ընդունակ, ավելի խելացի մարդիկ են, քան թե մեր փողատերերից շատերը։ Բայց եթե մի դժբախտություն ունեն, այդ այն է, որ վերին աստիճանի ազնիվ մարդիկ են։ Ազնվությունը և ոսկին բավական դժվար է հաշտեցնել միմյանց հետ։ Դա ամբողջ աշխարհի դժբախտությունն է...— Առ այդ մատիտը։

Հայրապետը մոտեցավ մատիտը առնելու, դարձյալ մնալով իր համոզմունքի մեջ։ Այդ միջոցին նրա աչքին ընկավ պապիրոսների կապոցը, որ այն երեկո էր դնել և դեռ չէր բացված։ Սկսեց նորից մրթմրթալ.

— Մի հատ էլ չեն թողել, բոլորը ծխել են... Ասում եմ, թե ինչո՞ւ է սենյակը այսպես մխով լցված։ Ծխածը ծխել են, մնացածն էլ իրանց հետ են տարել...

Նոր կորուստը այն աստիճան զայրացրեց Հայրապետին, որ յուր պարոնի թուլությունները պատմելու համար հրաժարվեցավ մինչև անգամ մատիտը ընդունել նրա ձեռքից, և այնուհետև չմոռանալու համար, նրա այցելուների անունները գրել։

Պարոն Արուսյանը հույս ուներ, որ խաղաղությամբ կվերջացնե բարեսիրտ Հայրապետի հետ, բայց պապիրոսների հարցը բոլորովին գժվացրեց նրան։ Թե՛ պապիրոսները, թե՛ թեյը և թե ճաշելիքները