Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստել էր նա՝ այն երեկո սպասվող հյուրերի համար. իսկ այժմ, ընդհակառակն, բոլորովին ինքնակոչ հյուրեր եկել, ամենը սպառել էին։ Այդ անկարգությունից հետո ի՞նչպես ասել նրան, որ նորից սամովար դնե, որ նորից ընթրիք պատրաստե։ Պարոն Արուսյանը թողեց, որ նա փոքր-ինչ հանգստանա, մանավանդ երբ տեսավ, որ Հայրապետը մարած սամովարը վեր առեց և տրտնջալով դուրս գնաց սենյակից։

Հայրապետը բնիկ Հին֊Նախիջևանի գյուղերիցն էր, մի ցամաք, թխադեմ երիտասարդ, որ քսան տարեկանից ավելի կլիներ, բայց իրանց երկրի երեխաների նման՝ դեռ կարմիր շապիկ էր հագնում։ Երկար ժամանակ ծառայում էր նա, բայց տակավին դժվար էր որոշել, թե պարոն Արուսյանի փոքրիկ տնտեսության մեջ որը ավելի ձայն կամ հեղինակություն ուներ։ Երբեմն նա բռնանում էր յուր պարոնի թե՝ քսակի և թե ճաշակի վրա։ Օրինակ, պարոն Արուսյանը պատվիրում է նրան, որ մի սուկի առնե և գիշերվա համար խորոված պատրաստե։ Բայց նա, ընդհակառակն, պատրաստում է ոչխարի մսից տապակ, մտածելով, որ դա ավելի էժան է և համեղ, իսկ սուկին թանկ է։ Նրա հավատարմությունը օրինակելի էր, իսկ խնայողությունը ժլատության էր հասնում։ Խոհարարի և սպասավորի իրավունքներից անցնելով, երբեմն նա յուր պարոնի վերաբերությամբ նաև դայակի իրավունքներ էր գործ դնում։ Պատահում էր, որ պարոն Արուսյանը գիշերը ուշ էր վերադարձել, կամ երկար էր նստել և առավոտյան ուշ էր վեր կենում։ Այդ դեպքերում Հայրապետի տհաճությունը չափ չուներ։ Առանց քաշվելու կմտներ նրա քնարանը և, կողքը բզելով, կզարթեցներ, որ խանութ գնա, ինչպես մայրերը ծույլ երեխաներին զարթեցնելով, վարժատուն են ուղարկում, որ դասից հետ չնկնեն։ Նա չափազանց զգաստ էր յուր գործին։ Բայց միակ դժբախտությունը նրանումն էր, որ եթե երկու բան միասին պատվիրեիր, ամենակարևորագույնը անպատճառ կմոռանար և միշտ կմեղադրեր պարոն Արուսյանին, թե ինչո՞ւ ամեն բան յուր ժամանակին չէ ասում։ Հաշիվներ չգիտեր։ Ստացած փողի մնացորդը կդներ պարոն Արուսյանի սեղանի վրա, ասելով, «այդքան մնաց»։ Եվ պարոն Արուսյանը իրավունք չուներ որևէ նկատողություն անել։

Սենյակի մուխը դուրս գալուց հետո այժմ միայն նկատելի եղավ նրա ներքին կարգն ու սարքը։ Կոկիկ սենյակը ավելի մի աշխատասեր, լրջամիտ ուսանողի կացարանի էր նմանում, քան թե վաճառականի բնակարանի։ Պարզ, մաքուր կահ֊կարասին բոլորովին