Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է թողնես։ Այդ անտանելի դասերը բոլորովին մաշեցին քեզ: Բժիշկը պատվիրում է, որ շատ չխոսես, շատ ման չգաս, իսկ դու քո դասերի պատճառով՝ ստիպված ես ամեն օր մի քանի անգամ քաղաքի մի ծայրից մյուսը գնալ։

— Ի՞նչպես թողնեմ...— ասաց նա մի այնպիսի տխուր եղանակով, որով հասկանալի էին բոլոր դառն պատճառները։

Պարոն Արուսյանին հայտնի էին պատճառները, և նա այդ մասին երկար չթախանձեց: Նա ավարտել էր հայոց օրիորդական դպբոցներից մեկում, հետո մտել էր ռուսաց իգական գիմնազիա. այնտեղ ևս յուր ուսումը վերջացրել էր։ Այժմ մի քանի տներում դասեր էր տալիս, որպեսզի կարողանա թե՛ ինքը ապրել և թե՛ կերակրել պառավ մորը և հիվանդ քրոջը, որ այրի էր։ Ամեն երեկո, երբ պետք էր մի փոքր հանգստանալ, գալիս էր պարոն Արուսյանի մոտ հաշվապահություն սովորելու, որովհետև նրան խոստացել էին մի գործարանի գրասենյակում տեղ տալ։ Այդ բոլորը կատարում էր սա և ստիպված էր կատարել յուր մաշված կուրծքով, ուր բարակացավը սկսել էր փութով զարգանալ։

Պարոն Արուսյանին սաստիկ տանջում էր դժբախտ օրիորդի դրությունը, և նա շատ անգամ մտածել էր որևէ կերպով թեթևացնել նրա հոգսերը, բայց միշտ հանդիպել էր նրա համառ անձնասիրությանը, որ նպատակ էր դրել իր աշխատանքով ապրել և ոչ ոքի օժանդակությանը ձեռք չմեկնել։ Նա պարոն Արուսյանի այցելուներից միակն էր, որի առջև ամենայն հոժարությամբ դռները բաց էր անում Հայրապետը։

— Ի՞նչպես է գնում քո թարգմանությունը,— հարցրեց երիտասարդը։

— Խիստ դանդաղ... և սիրտ չկա շարունակելու...,— ասաց նա մի առանձին դժգոհությամբ։— Եվ ո՞ւմ համար թարգմանեմ։ Ինքս միջոցներ չունեմ տպագրել տալու։ Տանում եմ մեր խմբագիրների մոտ, կարծես, մի առանձին շնորհ են անում, որ ուրիշի աշխատությունը առնում են և ձրի տպում։ Բայց միշտ քարոզում են, թե ամեն աշխատանք պետք է վարձատրվի, շատ հասկանալի է, որ իրանց սեփական աշխատանքը միայն և ոչ ուրիշներինը։ Տանում եմ հայոց գրքերի տպագրության ընկերությանը, մեծ խոստումներով ձեոագիրը առնում են, հետո, ամիսներից, գուցե տարիներից հետո, երբ հարցնում ես, թե ի՞նչ եղավ, զարմանալով պատասխանում են, «մի՞թե մի այսպիսի ձեռագիր հանձնել ես մեզ»։ Արի