Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գտիր։ Կիրակոսը ասում է Մարկոսի մոտ կլինի, իսկ Մարկոսը ասում է Պետրոսի մոտ կլինի։ Մեկը մյուսից խաբար չունի։ Գլուխը խոնարհեցնելով լռեց նա, և մի քանի րոպեից հետո, յուր տխուր դեմքը դարձնելով դեպի երիտասարդը, հարցրեց.

— Դու ինչո՞վ ես զբաղված այս երեկո։

— Ահա դրանով,— ասաց պարոն Արուսյանը, տալով նրան նույն տետրակը, որ մինչ օրիորդի գալը ուղղում էր։— Այս երեկո հավաքվելու են ինձ մոտ մի քանի գործակատարներ կարդալու» համար։

Օրիորդը սկսեց թերթել տետրակը, ասելով.

— Դու, որքան հիշում եմ, մի ժամանակ այդ մասին խոսում էիր։

— Այժմ աշխատում ենք խոսքը գործ դարձնել։ Ես կարծում եմ, որ մի այդպիսի ձեռնարկություն փոքրիշատե կթեթևացներ մեր գործակատարների աննախանձելի դրությունը։ Օրիորդը դեռ լռությամբ թերթում էր տետրակը։ Դա մի համառոտ ծրագիր էր, որով պարոն Արուսյանը ցանկանում էր խնայողական դրամարկղ հիմնել նույն քարվանսարայի գործակատարների համար, ուր ինքը խանութ ուներ։

— Իմ կարծիքով,— նկատեց օրիորդը,— նյութականը այնքան չէ ճնշում մեր գործակատարներին, նրանք եթե փոքր են ստանում բայց շատ գողանում են։ Ավելի նպատակահարմար կլիներ մտածել մի այնպիսի հիմնարկության մասին, որ բարոյապես կրթեր նրանց, որ մտավոր սնունդ տար նրանց։ Ո՞վքեր են մեր գործակատարները։— Ըստ մեծի մասին ոչ մի տեղ ուսում չառած, խանութպանների մոտ աշկերտությամբ առաջացած և նրանց բոլոր խարդախությունները սովորած մարդիկ են։ Փող միշտ կգտնեն նրանք։ Մի բան, որ պակասում է նրանց, այդ է՝ բարոյական կրթությունը:

— Բոլորովին ճիշտ է քո նկատողությունը, օրիորդ,— պատասխանեց պարոն Արուսյանը։— Բայց հարցը նրանումն է, թե ինչո՞ւ համար են գողանում մեր գործակատարները։ Գողանում են, որովհետև փոքր են ստանում և շատ են ծախսում։ Խնայողական դրամարկղը կընտելացներ նրանց չափավորության և, բացի դրանից, մի փրկարար ապաստան կլիներ, որ գոնե այն օրերում, երբ վաճառականները արտաքսում են նրանց, երբ զրկում են թե՛ ռոճիկից և թե՛ գողությունից,— որ գոնե այդ դեպքերում քաղցած չմնային:

— Այդ կնշանակե խրախուսել նրանց մեջ անբարոյականությունը,— ասաց օրիորդը,— և այժմ միայն նրա տխուր դեմքի վրա