Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևաց մի թեթև ժպիտ։ — Քաղցածությունը գուցե ավելի խրատական կլիներ նրանց համար, քան թե դրամարկղի ապաստարանը։

— Ինչո՞ւ ես դու այդպես ծուռն կերպով բացատրում իմ խոսքերը, Սաթենիկ,— պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ տաքացած ձայնով։— Ո՞վ է հակառակում, թե պետք է նրանց մտավոր սնունդ տալ, բարոյապես կրթել: Որքա՞ն անգամ քեզ հետ խորհել եմ այդ մասին, որքա՞ն անգամ մտածել եմ կիրակնօրյա դպրոցների մասին, գործակատարների համար ընդհանուր գրադարանի մասին և ուրիշ այլևայլ միջոցների մասին։ Մի՞թե նույնիսկ այդ նպատակով չհիմնվեցավ վաճառականաց կլուբը։ Բայց ի՞նչ արած, որ մեզ մոտ ամեն մի օգտակար հիմնարկություն հազիվ հասնում էր իր նպատակին։ Վաճառականաց կլուբը դարձավ խաղաթղթի և անմիտ պարահանդեսների ասպարեզ, որ զարգացրեց միայն շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում։ Աղքատ վաճառականի կինը, աղջիկը, որ մի ձեռք շնորհքով հագուստ ունեին և ամբողջ տարին խնամքով պահում էին և միայն տոն օրերում հագնելով տանից դուրս էին գալիս,— իսկ այժմ, ընդհակառակն, ամեն շաբաթ կլուբի պարահանդեսներին ու երեկույթներին մասնակցելու համար խեղդում են իրենց ողորմելի ամուսիններին, որ միշտ նոր ու նոր հագուստներ կարել տան, այլևս չեմ խոսում մյուս ծախսերի մասին։

Օրիորդը դեռ շարունակում էր լուռ թերթել տետրակը։

Մտածվում է, և ես այդ մասին աշխատում եմ, որ գործակատարների համար ևս մի կլուր հիմնվի։ Դա գոնե մասամբ կազատեր նրանց «Մուշտայիդից» և Միխայլովսկի փողոցի այգիներից։ Գործակատարը երիտասարդ է, կյանքը եռ է գալիս նրա մեջ, շտապում է վայելել նրան։ Երբ ուրիշ ավելի վայելուչ միջոցներ չկան, նա ընկնում է անբարոյականության մեջ։

Օրիորդը գլուխը վեր բարձրացրեց, հարցնելով.

— Դու կարծում ես, որ գործակատարների կլուբը նույնպես պարահանդեսների և խաղաթղթի ասպարեզ չի՞ դառնա։

— Գուցե կդառնա, նայելով, թե որպիսի ուղղություն կտրվի երան։ Բայց երկու չարյաց փոքրագույնը։ Երբ գործակատարը գիշերը ոչ մի տեղ չունի ժամանակ անցկացնելու, հաճախում է այնպիսի տեղեր, ուր ստիպված է ծախսել և շատ ծախսել։ Եվ որովհետև իր չնչին ռոճիկը անկարող էր այդ ծախսերին դիմանալ, նա սկսում է գողանալ։ Ես ճանաչում եմ գործակատարներ, որ ամիսը 25 ռուբլի ռոճիկ ունեն, բայց 25 ռուբլի վճարում են միայն երկու