Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակի վարձը, ուր ապրում է նրանը սիրուհին։ Մյուս ծախքերը լրացնելու համար, իհարկե, պետք է խարդախությունների դիմեն:

Դրսում, սանդուղքների վրա, լսվեցան ոտնաձայներ։ Օրիորդը վեր կացավ, և ձեռքը մեկնելով, ասաց.

— Երևի քո հյուրերը գալիս են, ես այժմ կգնամ։

— Ինչո՞ւ ես շտապում,— նրա ձեռքը բաց չթողնելով թախանձում էր երիտասարդը։ — Եթե քեզ հետաքրքրում է, կխնդրեի, որ դու ևս մասնակցեիր մեր փոքրիկ ժողովին, տարակույս չունիմ, որ մենք օգուտ կքաղենք և քո կարծիքներից։

— Մեծ ուրախությամբ կմնայի, բայց ես պետք է բժշկի մոտ գնամ։ Քրոջս հիվանդությունը դարձյալ սաստկացել է։ Նա առեց թղթապահը և հուշիկ քայլերով դուրս եկավ սենյակից։ Պարոն Արուսյանը բացականչեց.

— Խե՜ղճ աղջիկ, ինքը հիվանդ, պիտի հոգ տանե և հիվանդ քրոջ մասին, պիտի կերակրե աղքատ ընտանիքը... Ցավալի զոհ դառն հանգամանքների...

Սանդուղքներից լսվող ոտնաձայնը պարոն Արուսյանի սպանած հյուրերինը չէր։ Բարձրանում էր մի անձն միայն, բայց այնքան շտապով, որ սաստիկ աղմուկ էր հանում։ Հանկարծ փոքրիկ սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին, շնչասպառ ներս ընկավ նա։ Դա նույնպես մի օրիորդ էր, բայց բոլորովին հակապատկերը մտահույզ, մելամաղձոտ Սաթենիկի։ Ահագին սև գլխարկը, որի ձևը այլանդակության էր հասնում, և ձեռքի նույնպես ահագին հովանին, որ միևնույն ժամանակ գավազանի տեղ էր ծառայում, բավական էին արտահայտելու մի արտակարգ բնավորություն, որ գիտեր արհամարհել հասարակաց գեղասեր ճաշակը։ Նա իրավ գեղեցիկ չէր, բայց մարդկանց պատմելու համար, կարծես, դիտմամբ ավելի տգեղացրել էր իրան։ Հեգնական ծիծաղը երեսին, շտապով մոտեցավ նա և, անփույթ կերպով ձեռք տալով, ասաց.

— Կներես, պարոն Արուսյան, ես մի րոպեով միայն մտա քեզ մոտ. պարոն Սիրաքը արդեն վերջացրել է իր նոր վեպը. վճռեցինք, որ հավաքվինք քեզ մոտ, կարդանք: Համաձա՞յն ես։

— Ովքե՞ր կլինին,— հարցրեց պարոն Արուսյանը։

Օրիորդը մի առ մի թվեց անունները։

— Մեծ ուրախություն կպատճառեք ինձ,— ասաց երիտասարդը։ — Եվ դա շատ նպատակահարմար կլիներ։ Այժմ վաճառականների հարցը հերթի վրա է։ Կարծես պարոն Սիրաքի վերջին աշխատությունը նրանց կյանքիցն է առնված։