Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, պարոն Արուսյան, մի կատարյալ լուսանկար է, դու անպատճառ կհավանես։ Այժմ ցտեսություն։ Նա վազեց դեպի դռները, բայց մի բան մտաբերելով, կրկին ետ դարձավ, հարցնելով.

— Ե՞րբ պետք է հավաքվել, պետք է նշանակել օրը, որ մյուսներին ևս իմացում տամ։

— Ավելի հարմար է առաջիկա շաբաթ երեկոյին։

— Իհարկե, ճաշելիքներ, գինի, մրգեղեններ և ամեն ինչ ըստ կարգին պատրաստել կտաս: Մեր հասարակությունը այդ մասին գիտես սաստիկ խստապահանջ է։ Ցտեսություն։

Պարոն Արուսյանը բռնեց նրա ձեռքից, ստիպելով.

— Ինչո՞ւ ես այսպես շտապում, մի փոքր նստիր, հանգստացիր. երևում է, որ շատ հոգնած ես։

— Այո՛, հոգնած եմ,— ասաց նա, աշխատելով ձեռքը ազատել։— Այնքան ման եմ եկել, որ ոտներս շան նման հաչում են։

— Օրիորդ Սաթենիկին տեսա՞ր։ Այդ երկու օրիորդները թեև մի առանձին ատելություն չունեին, բայց համբերել ևս չէին կարող միմյանց։

— Տեսա,— ասաց նա երեսը խոժոռելով,— սանդուղքներից թոնթորալով ցած էր իջնում։ Երևի քո մոտից էր դուրս գալիս։ Բարևեցի, ձայն չհանեց։ Կամ այնպիսի ձայն հանեց, որ ես ասեցի։ Այդ աղջիկը օրըստօրե այնքան փոքրանում է, որ վերջը բոլորովին կհալվի։ Ցտեսություն։

— Լավ, ո՞ւր պիտի գնաս, որ այդպես շտապում ես:

— Պարոն Վախթանգյանի մոտ։ Դա մի երիտասարդ նկարիչ էր, որ փայլուն ապագա էր խոստանում։

— Իսկ այնտեղի՞ց։

— Պարոն Սելիմի մոտ։ Դա մի երիտասարդ նվագագիր-երաժիշտ էր, որ սկսել էր հայկական եղանակները եվրոպական ձայնագրության վերածել:

— Հետո՞։

— Օրիորդ Անահիտի մոտ։ Դա մի պոլսեցի դերասանուհի էր, որ հրաշալի աչքեր ուներ, բայց անախորժ ձայն։

— Իսկ այնտեղի՞ց։

— Այսպես, եթե բոլորը հարցնելու լինիս, այնքան ժամանակ կխլես ինձանից, որ ես չեմ կարող և ոչ մեկին տեսնել։ Ցտեսություն։