Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արուսյանը բաց անելով գրասեղանի արկղիկը, դուրս բերավ մի թանկագին սիգար և աոաջարկեց նրան։ Բայց նա հրաժարվեցավ, ասելով, որ գլուխը կցավացնե։ Պ. Արուսյանը ինքը վառեց սիգարը։

-Գիտե՞ս, Ռուբեն,— խոսեց օրիորդը յուր բնավորությանը բոլորովին հակառակ ծանրությամբ,— քո այդ ոգևորությունը, երիտասարդական այն դյուրաբորբոք, բայց թռուցիկ հրապույրներից մեկն է, որ մեզանից ամեն մեկին պատահել է։ Բայց պատահել է այն ժամանակ, երբ մենք տասնյոթ կամ տասնութ տարեկան էինք, և մեր սրտի ու ուղեղի մեջ ոչինչ ներդաշնակություն չկար։ Իսկ այժմ քո տարիքը բարձր են այդ թվերից...

-Իզուր ես այդպես մտածում, Վարդուհի,— պատասխանեց պարոն Արուսյանը, վշտացած ձայնով:— Իզուր ես կարծում, որ ես անձնատուր եղած լինեի ցնորամիտ հրապույրների։ Օրիորդ Անիչկան, իրավ է, այժմ դատարկ և մինչև անգամ թեթևամիտ աղջիկ է, բայց հմուտ ձեռքի տակ կարող է ամենապատվական կին դառնալ։ Ես նրան համարում եմ մի ընդունակ, բայց անմշակ նյութ, որից կարելի է ամենագեղեցիկ բան պատրաստել։

-Լավ, ի՞նչն է ստիպում քեղ խակ տանձը առնել, այն հուսով, որ հարդի մեջ դնելով, կհասունանա։

— Հենց այդ գործողությունը, հենց այդ փորձը: Դա ինձ մեծ բավականություն կպատճառե, որ զբաղված կլինիմ նրա կրթությունով:

-Դու միթե մոռացե՞լ ես, Ռուբեն, որ այդ փորձը մենք արեցինք, բայց ոչինչ դուրս չեկավ։ Տվեցինք նրան զանազան գրքեր կարդալու, փոքր առ փոքր մտցրինք «մեր շրջանի» մեջ, բայց բոլորը անցավ ապարդյուն։ Օրիորդի հիշած «շրջանը» ոչ այլ ինչ էր, բայց միայն բարեկամուհիների մի փոքրիկ խումբ, որ զբաղված էին թարգմանություններով, երբեմն գրականական երեկոներ էին ունենում, ուր կարդում էին իրանց թարգմանությունները կամ ինքնուրույն գրվածքները։

— Ձեր շրջանը չէր կարող այն ազդեցությունը գործել նրա վրա, ինչ որ կարող եմ ես ունենալ,— պատասխանեց պարոն Արուսյանը։— Խնդիրը բոլորովին այլ է, երբ աշակերտը սիրում է ոչ թե ուսանելի առարկան, այլ ուսուցչին։ Ուսուցչին սիրելով, նա կսկսե իր դասը լավ սովորել, որպեսզի չվշտացնե նրան։

— Դու կարծո՞ւմ ես, որ նա սիրում է քեզ։

— Դրանում ոչինչ տարակույս չունիմ։