Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ հավատո՞ւմ ես նրա սերին։

— Բոլորովին։

Օրիորդը սկսեց ծիծաղել։

— Ո՞ւմը չէ սիրել նա։ Գուցե հենց այժմ, բացի քեզանից, մի քանիսին ևս սիրում է։

— Նրա այդ իսկ թուլությունից պետք է օգուտ քաղել։ Թե ո՞ւմն է սիրել նա, կամ այժմ, բացի ինձանից, ուրիշ ո՞վքեր են սիրում, ինձ անհայտ է։ Բայց այդքանը գիտեմ, որին որ սիրելու լինի, անպատճառ անկեղծությամբ կսիրե։

— Րոպեական անկեղծությամբ։ Այն որ կոչվում է վայրկենական ինքնամոռացություն, կամ, ավելի ճիշտ, անցողական տարփանք։

— Ինչպես կամենում ես՝ համարիր։

Օրիորդը դարձյալ սկսեց ծիծաղել։

— Իսկ դու սիրո՞ւմ ես նրան։

— Չեմ կարող ասել, թե սիրում եմ։ Բայց այսքանը հաստատ է, որ զգում եմ դեպի նա մի տեսակ խորին կարեկցություն, որը զգում է մարդ, երբ տեսնում է մի թշվառական, որ կարոտ էր օգնության։

— Գիտե՞ս, Ռուբեն,— նկատեց Վարդուհին ավելի լուրջ կերպով,— քո վարմունքը, եթե մի այլ անուն չտամ, կատարյալ դոնքիշոտություն է և վտանգավոր դոնքիշոտություն։ Ի՞նչ միտք ունի յուր ամբողջ ապագան, յուր ամբողջ բախտը դնել մի փչացած աղջկա վրա և բոլորովին երիտասարդական հույսերով սպասել, թե Նրանից կարելի է օրինավոր կին դարձնել։

— Նա փչացած չէ, Վարդուհի, նա փչացած ընտանիքի դժբախտ արդյունք է։ Այն ընտանիքի, որ դեռ ասիական ցեխի մեջ թավալվելով, ձգտում է ոչ միայն իբրև եվրոպացի ներկայանալ, այլևս որպես արիստոկրատ ձևանար նա ոչ հայոց նահապետական ընտանիքի անմեղ դուստր է և ոչ ուսյալ ընտանիքի բարեկիրթ զավակ։ Այն նոր խմորված և դեռ չպարզված գինու մրուր է։ Ինչ որ կատարվում է բնության մեջ, նույնը և կատարվում է մարդկային հասարակությունների մեջ, Վարդուհի։ Մրրիկները, փոթորիկները, օդի խառնակությունները ըստ մեծի մասին տեղի են ունենում տարվա եղանակների փոփոխության միջոցներում։ Մեր հասարակությունը մի այնպիսի փոխանցական դրության մեջ է,— ասիականից դեպի եվրոպականը։ Եվ հենց այդ միջոցում տեղի են ունենում բարքերի ապականություններ, մանավանդ երբ փոխանցումը