Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր մինչև ոտները, և նույնպես նախշուն երկար գոգնոցից, որ բռնել էր նրա առաջը։ Մետաքսյա կարմիր գոտին գեղեցիկ հանգույցներով սեղմել էր մեջքը և յուր ծոպավոր ծայրերով քաշ էր ընկած կողքից։ Գլխին, ընդհակառակն, դրած ուներ եվրոպական հարդից գլխարկ, մուգ գույնով, որի տակից հարուստ գիսակների միակ հյուսը, կապած ծիրանի և երկնագույն ժապավեններով, իջել էր թիկունքի վրա։ Ուսերը սքողած թափանցիկ շղարշով, կիսով չափ բաց էին։ Պարանոցը զարդարած էր մի քանի շարք խոշոր մարջաններով, որ հանգչում էին նույնպես կիսամերկ կուրծքի վրա։ Այդ կարմիր հուլունքները, մարմարիոնի նման սպիտակ մարմնի վրա, խիստ հրապուրիչ տեսք էին ստացել։ Պարեգոտի լայն, բայց կարճ թևքերի միջից երևան էին գալիս հոլանի բազուկները, որ, ապարանջանների փոխարեն, նույնպես զարդարված էին կարմիր հուլունքներով։

Նա լուռ գնում էր առջևից, և անդադար մի առանձին ուշադրությամբ նայում էր դեպի յուր ետևը, տեսնելու, արդյոք մայրը հետեվո՞ւմ է իրան։ Մայրը հետևում էր և, միևնույն ժամանակ, հիանում էր նրանով։

Մոր ետևից գալիս էր հաստաթշիկ և հաստաբազուկ ռուս աղախինը, որ նույնպես փոքր-ռուսական հագուստ ուներ։ Լիքը պարանոցը զարդարված էր կեղծ մարգարիտներով, իսկ գլխի մոխրագույն մազերը հավաքել էր բաց-կապտագույն թաշկինակի մեջ։ Նա ուժեղ ձեռքով քարշ էր տալիս Անիչկայի փոքրիկ եղբորը, որ ամեն րոպե համառությամբ կանգ էր առնում և նայում էր դեպի յուր շուրջը։ Հայտնի չէ, թե ի՛նչ նպատակով այդ խեղճ երեխային փաթաթել էին մի այնպիսի այլանդակ հագուստի մեջ, որ ռուս կառապաններն էին միայն հագնում։

Նրանք գնում էին և երբեմն կանգ էին առնում, որովհետև ճանապարհին հանդիպած ծանոթների հետ պետք էր մի բան խոսել, մի բան ասել։

Կառքով անցնում էր բժիշկ Դաբաղյանը։ Նրան կանչել էին մի մահամերձ հիվանդի օգնելու։ Տեսնելով Աղա-Պարոնովներին, մոռացավ հիվանդին, կանգնեցրեց կառքը և ցած վազեց։ Անիչկայի քնքուշ դեմքի վրա նշմարվեցան տհաճության խոժոռներ։ Նա մոտեցավ և, շտապով մի քանի խոսք ասելով մորը, իսկույն դարձավ դեպի օրիորդը.

— Այդ հագուստի մեջ դուք այնքան նազելի եք, Աննա Սերգեևնա, որ ես չկարողացա լոկ հարևանցի նայվածքով բավականանալ. կամեցա ավելի մոտից նայել ձեզ վրա և հիանալ։