Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժշկի ջրալի հաճոյախոսությունը ավեյի տհաճություն պատճառեց օրիորդին։

— Ո՞ւր էիք գնում,— հարցրեց սառնությամբ, իբր թե չլսեց նրա խոսքերը։

— Ինձ կանչեցին մի հիվանդի մոտ. խեղճը անհուսալի դրության մեջ է։

— Եվ դուք այդպես ուշանո՞ւմ եք։

— Միևնույն է։ Իմ օգնությունը հազիվ կազատե նրան։

— էլ այդպես համոզված եմ...,— ասաց օրիորդը ծիծաղելով և երեսը շուռ տվեց։

Պարոն Դաբաղյանը այն ժամանակ միայն հասկացավ օրիորդի կծու ակնարկությունը, երբ նա կրկին նկատեց։

— Ձեր կառքը հետևում է ձեզ, պարոն Դաբաղյան։

— Ես կցանկանայի մի փոքր երկար ճանապարհ դնել ձեզ։

Այդ միջոցին, օրորվելով և ահագին հովանին գետնից քաշ տալով, նրանց դեմ ու դեմ գալիս էր օրիորդ «Ցտեսությունը»։ Նա կաղ չէր, բայց ման գալու ժամանակ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես երկու ոտից ևս կաղ լիներ։ Նա գալիս էր պարոն Արուսյանի մոտից և ուրախ, մշտածիծաղ դեմքը այժմ ավելի մռայլված էր, քան թե առաջ։ Տեսնելով օրիորդ Աղա֊Պարոնովին, անփույթ կերպով մոտեցավ և ձեռքիցը բռնելով ասաց.

— Անցնենք մի փոքր առաջ։ Պարոն բժիշկը չի բարկանա, եթե նրան մի քանի րոպե միայնակ թողնես։

Պարոն բժիշկը մնաց խիստ հիմար դրության մեջ, երբ օրիորդը նրան թողնելով հեռացավ։ Նա դարձավ դեպի մայրը.

— Ցավում եմ, Մարիա Սերգեևնա, որ ես չպիտի կարողանամ երկար վայելել ձեր ընկերությունը։ Բժշկի պարտավորությունը ձեզ հայտնի է։

— Հա՛, ասացիք, որ մի հիվանդի մոտ եք շտապում,— պատասխանեց տիկինը, ուրիշ խոսք չգտնելով։

Նա սեղմեց տիկնոջ ձեռքը և նստավ կառքը։

Մայրը այժմ միայն նկատեց, որ յուր Անիչկան չկար։ Նա անցել էր բավական առաջ և բազմության միջից էր երևում։

Օրիորդ «Ցտեսությունը» և օրիորդ Աղա-Պարոնովը մի ժամանակ դասընկերներ էին և համարյա մանկությունից ճանաչել էին միմյանց։ Ավարտելուց հետո՝ դպրոցական հավասարությունը, որ կապում էր նրանց, կորավ, և մեկի հարստությունը, մյուսի աղքատությունը բաժանեցին երկու ընկերուհիներին։ Վերջին տարիներում