Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրկին մոտեցան նրանք, և չնայելով, որ օրիորդ «Ցտեսությունը» միշտ սովորություն ուներ խիստ դառն կերպով ծաղրել Անիչկայի ազնվապետական հակումները, այնուամենայնիվ, վերջինս ճանաչում էր նրա մեջ մի տեսակ հեղինակություն, որ իրան ևս անհասկանալի էր։

— Գիտե՞ս ինչ կա, Անիչկա,— ասաց նա յուր սովորական շտապմունքով,— առաջիկա շաբաթ երեկո հավաքվելու ենք պարոն Արուսյանի մոտ...

— Ո՞ւմ մոտ,— ուրախությամբ ընդհատեց Անիչկան, կարծես կրկին լսելու համար սիրելի անունը։

— Պարոն Արուսյանի մոտ։ Հավաքվում ենք կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Ինձ խնդրեցին, որ քեզ ևս հրավիրեմ մասնակցելու այդ երեկույթին։ .

— Ո՞վ խնդրեց, ասա, սիրելի Վարդուհի, ո՞վ խնդրեց,— թախանձում էր Անիչկան, և փոքր էր մնում, որ փողոցում երեխայի նման գրկեր յուր ընկերուհու պարանոցը։

— Չեմ ասի,— հրաժարվեցավ Վարդուհին։— Իզուր ես նեղացնում ինձ։ Դու միայն այն ասա՛, կգա՞ս թե չէ։

— Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Անիչկան և իսկույն մտածութան մեջ ընկավ։

Պարոն Արուսյանի մոտ կարող էր նա միայնակ գնալ, ինչպես շատ անգամ գնացել էր։ Բայց ծնողները տեղեկություն չունեին նրա այցելությունների մասին։ Իսկ այժմ այնպես բացարձակ կերպով մասնակցել մի երեկույթի, որ լինելու էր ընտանիք չունեցող մի երիտասարդի մոտ, դա, իհարկե, հասնելու էր ծնողների ականջին։ Ուրեմն ի՞նչպես հեշտացնել այս դժվարությունը։ Ծնողների համաձայնությունը ստանալ անկարելի էր։ Իսկ նրանցից գաղտնի գնալ չէր կարող։

— Գիտե՞ս ինչ կա, Վարդուհի,— ասաց նա բավական մտածելուց հետո։— Ես պարոն Արուսյանի մոտ երբեք չեմ եղել, թեև նա իմ մորաքրոջ տանն է բնակվում։ Նրա հետ ծանոթ եմ միայն հեռվից։ Փոքր֊ինչ անհարմար կլիներ, եթէ առանց մորիցս թույլտվություն խնդրելու, ես մասնակցեի ձեր երեկույթին։ Իսկ թույլտվություն, հավատացած եմ, որ նա չի տա։ Պետք է մի հնար մտածել, որ ես չզրկվեի այդ ցանկալի երեկույթից։

— Հնարը հեշտ է,— ասաց օրիորդ Վարդուհին, բոլորովին ցույց չտալով, թե իրան հայտնի են խորամանկ ընկերուհու գաղտնի հարաբերությունները պարոն Արուսյանի հետ։— Դու այն երեկո