Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգնաս մորաքրոջդ մոտ, իբր թե ոչինչ չգիտես։ Իսկ ես կգամ մորաքրոջդ աղջկան հրավիրելու և որպես թե պատահմամբ քեզ այնտեղ կտեսնեմ։ Մորաքրոջդ աղջիկը հաճախ լինում է պարոն Արուսյանի մոտ։ Թե՛ ես և թե՛ նա քեզ էլ մեզ հետ քաշ կտանք, կտանենք։ Իսկ մորաքույրդ ձայն չի հանի։ Տեսնո՞ւմ ես, բանը շինվեցավ։ Այսպես լավ չի՞ լինի։

— Շատ լավ կլինի,— ասաց Անիչկան ուրախանալով։

— Ուրեմն, ցտեսություն,— ասաց Վարդուհին և իսկույն բաժանվեցավ, երբ նկատեց, որ մայրը հասավ ետևից։

— Ո՞վ էր այդ «էյբաժարը»,— հարցրեց մայրը բավական զայրացած ձայնով։

— Իմ ծանոթներից մեկն էր,— պատասխանեց Անիչկան, վշտանալով մոր արհամարհական նկատողությունից դեպի յուր ընկերուհին։

— Դու բժշկին թողնում ես միայնակ և ընկնում ես մի գջլտվածի ետևի՞ց։

— Բժիշկը միայնակ չմնաց, դու նրա մոտ էիր։

Մայրը ավելի զայրացավ։

— Մինչև ե՞րբ դու այդպես անհասկացող պիտի լինիս և անքաղաքավարի, Անիչկա,— ասաց նա կշտամբական եղանակով։— Նա քեզ համար իջավ կառքից, ցանկանում էր քեզ հետ խոսել, երկար խոսել, բայց դու հանկարծ անհետացար։

— Ես չկամեցա նրան երկար զբաղեցնել, որովհետև հիվանդիմոտ էր գնալու,— պատասխանեց Անիչկան։

— Գլուխը քարը հիվանդին, շատ հարկավոր էր հիվանդը,— ասաց մայրը և խռովյալ երեսը շուռ տվեց։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

Եթե փողոցում չլիներ, գուցե այլ կերպ կվերջանար մոր և դստեր հակաճառությունը։ Բայց մայրը համբերեց, թողնելով մի այլ ժամանակի յուր սրտի վրդովմունքը, իսկ աղջիկը լռեց՝ յուր մտքում անիծելով մոր խստությունները։

Մայրը վաղուց նկատել էր յուր դստեր սառնասրտությունը դեպի պարոն Դաբաղյանը և միշտ մի հարմար առիթ էր որոնում, որ այդ մասին խոսե նրա հետ։ Առիթը ներկայացավ, բայց ափսոս որ փողոցում։ Նրանք այնպես վրդովված կերպով, առանց մի բառ անգամ միմյանց հետ խոսելու, հասան մինչև տուն։ Օրիորդը մատը սեղմեց էլեկտրական զանգակի վրա, մի քանի րոպեից հետո դուռը ինքնիրան բացվեցավ։ Երբ բարձրացան պայծառ լուսավորված