Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սանդուղքներով, վերևում, ժպիտը երեսին, հայտնվեցավ Փրիդոնը, և մի առանձին մտերմությամբ մոտեցավ յուր «աղջիկ֊պարոնին»։ Որպես շնորհալի սպասավոր, զեկուցում տվեց, թե այսինչ և այնինչ տներից եկել էին, խնդրում էին «աղջիկ֊պարոնին»։ Մի տեղ Կատոն «վեչեր» ուներ, բեզիկ պիտի խաղային, մյուս տեղ Նատոն «վեչեր» ուներ, ռամս պիտի խաղային։ Տիկինը սկսեց մտածել, թե ո՞րի հրավերը ընդունե։ Իսկ օրիորդը իսկույն առանձնացավ յուր սենյակը և երևակայությամբ կանխապես զվարճանում էր առաջիկա շաբաթ օրվա երեկույթով, որ լինելու էր պարոն Արուսյանի մոտ։

Բուլվարի վրա յուր կնոջը և զավակներին հանդիպելուց հետո Սերգեյ Եգորիչը շարունակեց առաջ գնալ։ Նրան հանդիպեց Յակուլ Յակուլիչը։

— Լավ եղավ, որ ռաստ եկանք, Սերգեյ Եգորիչ,— ասաց նա մոտենալով։— Ես հենց քեզ էի պտրում։

Սերգեյ Եգորիչը այն երեկո առհասարակ խույս էր տալիս մարզիկներից, իսկ այժմ ընկավ շատախոս Յակուլ Յակուլիշի ձեռքը, որից բավական դժվար էր ազատվել։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա փոքր տհաճությամբ։

— Կասեմ, այս կողմը գնանք, — հազիվ լսելի ձայնով քրթմընջաց նա և, բռնելով Սերգեյ Եգորիչի ձեռքից, քաշ ավեց դեպի Ալեքսանդրյան այգու կողմը։

Ծերունի բարեկամի ծածկամտությունը և նրա զգուշավոր ձևերը կարծել տվին Սերգեյ Եգորիչին, որ հարցը պետք է անպատճառ մի կարևոր առարկայի մասին լիներ, եթե ոչ, նա խոսք պահող մարզիկներից չէր։

Նրանք մտան Ալեքսանդրյան այգին։ Բազմությունը այստեղ ևս լցրել էր բոլոր ճեմելիքները, որոնցից գլխավորները միայն լուսավորված էին լապտերներով։ Մյուսներում տիրում էր խորին մթություն։ Դիմեցին դեպի հեռավոր և մթին ծառուղիները։ Բայց ո՛ր նստարանին ևս մոտենում էին, գտնում էին մի զույգ, ջերմ խորհրդավոր շշնջման մեջ։ Վերջապես, այգու մի խուլ անկյունում գտան մի ազատ նստարան, որ պատահմամբ դատարկ էր մնացել։ Նստարանը նոր էր ներկված, և ներկը տակավին չէր չորացել։ Բայց թե՛ Սերգեյ Եգորիչը և թե յուր հետաքրքիր բարեկամը այն աստիճան հափշտակված էին իրանց մտածություններով, որ առանց ուշադրություն դարձնելու նստեցին, բնավ չզգալով, որ թաթախվեցան կանաչագույն ձիթաներկի մեջ