Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու նրա հողի արժեքը վերջը իրան կտաս կամ չես տա, դա քո բարի կամքիցն է կախված, բայց այսքան էլ բավական է, որ դու կազատես նրան յուր պարտատերների նեղությունից։

Երկու բարերարների խորհրդածության առարկա եղող Մակար Մակարիչի գործի նպաստավոր կամ աննպաստ վերջանալու հնարը, իրավ որ, կախված էր միմիայն Աղա-Պարոնովից։ Որովհետև Մակար Մակարիչը նույն քարվանսարայում խանութ ուներ, որտեղ թագավորում էր Աղա-Պարոնովը։ Եվ պարտատերների մեծ մասը նույն քարվանսարայի խանութպաններն էին, որոնք եթե չասենք Աղա-Պարոնովի ստրուկները, բայց անտարակույս, նրա հլու հպատակներն էին։ Նրա մի խոսքը կարող էր գործը դեպի ամեն կողմ դարձնել։

— Բայց ես նրա ձեռքը ոչ մի թուղթ չեմ տա,— ասաց Աղա-Պարոնովը վեր կենալով։

— Եվ հարկավոր էլ չէ, որ տաս,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը փորձված մարդու եղանակով։— Նա քեզ բոլորովին հավատում է։ Դու կստանաս նրանից վեքսիլներ, որքան գումարի հարմար կհամարես, և հաշվի ժամանակ կտանես մյուս պարտատերների ընդհանուր պահանջների թվում։ Իսկ վերջը՝ քո անելիքը քո կողմից կախված կլինի։

Նրանք դեռ կանգնած խոսում էին։ Այդ միջոցին այգու գիշերապահ պահապաններից մեկը անցավ նրանց մոտով և զգուշացնելով ասաց.

— Պարոններ, մի՛ նստեք այստեղ, նստարանը նոր է ներկված։

Երկուսն էլ ձեռքները տարան դեպի իրանց հագուստը և այժմ միայն զգացին, որ թաթախված են ձիթաներկի ապականության մեջ։

— Դու հիմա ո՞ւր պիտի գնաս,— հարցրեց Աղա-Պարոնովը, երբ այգուց կրկին դուրս եկան բուլվարի վրա։

— Պիտի գնամ Մակար Մակարիչի մոտ,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը շտապելով։— Նա ինձ սպասելիս կլինի։ Ես խոստացել եմ, որ այս գիշեր անպատճառ մի վերջնական լուր տանեմ նրան։— Նա շատ կուրախանա, երբ կլսե քո բարերարությունը, Սերգեյ Եգորիչ։ Իսկ դու ո՞ւր ես գնալու։ Կլո՞ւբը։

— Այս հագուստով ի՞նչպես գնամ կլուբը։ Պետք է գնամ տուն։ Այսօր խանութում այնքան շատ գործ ունեի, որ գլուխս համարյա յուր տեղումը չէ։ Ինձ հարկավոր է այս գիշեր մի փոքր վաղ քնել և հանգստանալ։