Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղեղը։ Նրա չորացած, բթացած սիրտը լցված էր մի զգացմունքով, որ թե՛ բերկրություն և թե՛ բավականություն էր պատճառում նրան։ Նա գնում էր դանդաղ քայլերով և երբեմն կանգ էր առնում, երբ նկատում էր, որ անցուդարձ չկա և իրան չեն տեսնում։ Յուր խորհրդավոր արշավանքը կատարում էր նա, կարծես ժամանակը սպառելու համար, որ գիշերից մի քանի ժամ ևս անցնի, և փողոցները բոլորովին դատարկվին։ Այդ էր պատճառը, որ դեգերում էր ավելի խուլ և հետ ընկած փողոցներում, ուր ցերեկով անգամ եթե տեսնելու լինեին նրան, շատ պիտի զարմանային։

Նրա առջևում, բավական հեռավորության վրա, գնում էին երկու գիշերային այլ շրջմոլիկներ։ Երբ մոտենում էին փողոցի լապտերներին, լուսավորության մեջ բաժանվում էին, իսկ երբ հեռանում էին լապտերներից, մթության մեջ դարձյալ միանում էին։ Կասկածավոր երևույթը գրավեց Սերգեյ Եգորիչի ուշադրությունը, և նա փոքր-ինչ ուժ տվեց յուր քայլերին։ Երբ բավական մոտեցավ, նկատեց, որ մեկը կին էր, մյուսը մի մանկահասակ երիտասարդ։ Վերջինը ձեռքի վրա տանում էր տիկնոջ վերարկուն, իսկ ձեռքում բռնած ուներ նրա հովանին։ Նա ավելի ծառայի տպավորություն էր գործում, քան թե ընկերի, մանավանդ երբ լապտերներին հասնելու ժամանակ բաժանվում էր յուր տիկնոջից և սկսում էր ամենայն խոնարհությամբ հետևել նրան, թեև մթության մեջ միանում էր՝ որպես ընկեր և հավասար։ Այսպիսի տեղերում երբեմն նրանք կանգ էին առնում և երկար խոսում էին։ Կառքերի կամ անցորդների մոտենալը ստիպում էր նրանց դուրս գալ դարանից և շարունակել իրանց հետաքրքիր ընթացքը։

Ծառայի սպիտակ մահուդի չերքեսկան, կապտագույն մորթուց կարված փոքրիկ գլխարկը, ոսկեզօծ քամարը և արծաթապատ խենչարը բավական ծանոթ երևացին Սերգեյ Եգորիչին։ Դա նրանց սպասավորը՝ Փրիդոնն էր։ Միևնույն րոպեում, կարծես կրակով այրեցին Սերգեյ Եգորիչի գլուխը, երբ ճանաչեց, որ մյուսը իր կինն էր։ Ո՞ւր էին գնում, ի՞նչ գործ ունեին այդ խուլ փողոցներում,— նա դժվարանում էր հասկանալ։ Նրանք կա՛մ գնում էին մի տեղ, կամ վերադառնում էին մի տեղից։ Երկու դեպքում ևս՝ այդ անսպասելի հանդիպումը Սերգեյ Եգորիչի համար խիստ տարակուսական էր։ Այդ կողմերում ոչ բարեկամներ ունեին և ոչ ծանոթներ, որ հրավիրած լինեին կնոջը։ Ուրեմն ի՞նչ էին շինում այստեղ, այն ևս գիշերային բոլորովին անագան պահուն։ Զանազան կասկածներ սկսեցին տանջել նրան։