Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքը անցավ դեպի փողոցի ավելի մթին կողմը, սկսեց հեռվից հեռու հետևել նրանց։ Մի անգամ նկատեց, որ տիկինը կռթնեցավ յուր սպասավորի թևքի վրա, և այնպես երկար գնում էին, բաժանվեցան միայն այն ժամանակ, երբ լսեցին մերձեցող կառքի ձայնը։ Գուցե կինը հոգնել էր, գուցե նրան մի փորձանք էր պատահել, մտածում էր Սերգեյ Եգորիչը և կամենում էր բոլորովին մոտենալ, բայց չէր համարձակվում։ Չէր համարձակվում նրա համար, մի՛ գուցե յուր հանդիպումը երևան հաներ մի շատ անախորժ գաղտնիք, որ արդեն սարսափեցնում էր նրան։

Թափառական զույգը, զանազան հետ ընկած փողոցներով մի մեծ պտույտ տալուց հետո, նոր մտավ այն փողոցը, ուր գտնվում էր Աղա-Պարոնովների տունը։ Սերգեյ Եգորիչը այդ ժամանակ միայն կանգ առեց և հեռվից այնքան նայեց, մինչև դռները բացվեցան և նրանք ներս մտան։

Նա տուն չգնաց, իսկույն հետ դարձավ։ Մոտեցավ մի լապտերի, նայեց ժամացույցին։ Ժամը երկուսն էր արդեն։ Ճանապարհին նրան պատահեց յուր խոհարարը, որ սովորություն ուներ շաբաթ գիշերները ընտանյաց մոտ գնալու։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց նրանից։

— Տուն, պարոն,— պատասխանեց խոհարարը, գլխարկը առնելով և այնպես բաց գլխով կանգնելով։

— Ի՞նչու այդքան ուշ։

— Աղջիկ-պարոնը հրամայել էր, որ սպասեմ, մինչև ինքը կվերադառնա։

— Ո՞ւր էր գնացել աղջիկ-պարոնը։ Վերադարձա՞վ։

— Վերադարձավ։ Գնացել էր Նատոյենց տուն։

— Լավ։ Հիմա դու կարող ես գնալ։

Խոհարարը գլխարկը ձեռին հեռացավ, երբ բավական անցավ, ծածկեց և ապա շարունակեց յուր ճանապարհը։

«Գնացե՜լ էր Նատոյենց տուն․..», մտածում էր Սերգեյ Եգորիչը, կրկնելով խոհարարի խոսքը։ Չէ՞ որ Նատոյենց տունը հենց նույն փողոցումն էր, ուր գտնվում էր և իրանց տունը։ Եթե կինը հրավիրած էր այնտեղ, դուրս գալուց հետո բավական էր մի քանի քայլ փոխել, և կհասներ իրանց տանը։ Այլևս ի՞նչ գործ ուներ հեռավոր և անհայտ փողոցներում։— Այդ միտքը սկսեց նորից տանջել Սերգեյ Եգորիչին։

Մեր ծանոթ քարվանսարան, որի մեջ գտնվում էր Աղա-Պարոնովի խանութը, բաղկացած էր մի քանի հարկերից։ Բոլորովին ներքին