Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին։ Այդ արձանագրությունները նույն անհամեստ բովանդակությունն ունեին, որոնց նմանը կարելի է տեսնել «Մուշտալիդի» խուլ ճեմելիքներում դրված նստարանների վրա, կամ բուսաբանական այգու մենավոր հովանոցներում։ Պատի ժամացույցից քաշ ընկած ճոճանակը անհանգիստ կերպով շարժվում էր դեպի աջ և դեպի ձախ, և յուր մելամաղձական ձայնով ընդհատում էր տիրող լռությունը։ Նրա հետ շարժվում էին սև խափշիկի սպառնական բիբերը, որ Յագոյի աչքերով դիտում էր, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։

Օթյակում սպասում էր մի մանկահասակ կին։ Մի քանի անգամ մոտեցավ նա սեղանի վրա դրած ընտիր ճաշակելիքներին, մի քանի անգամ փորձեց գույնզգույն հոտավետ օղիները, որ մի առանձին հրապուրանքով ախորժակ էին հրավիրում, վերջը ձանձրացավ, և, մերձենալով պարսկական թախտին, ընկողմանեցավ նրա վրա։ Գեղեցիկ և վճիտ երկնքի նման կապուտակ աչքերը, որպես մի ախտաբորբոք կիրք և աշխույժ, թափառում էին օթյակի շուրջը։ Նայում էր դեպի հայելին, նայում էր պատկերների վրա։ Նրա ուշադրությունը գրավեց պատկերներից մեկը, որ ներկայացնում էր ո՛վ գիտե սուլթանի կանանոցի զարդը։ Փափուկ, մետաքսային օթոցի վրա հանգչում էր արևելքի գեղեցկուհին։ Նա արթուն էր, դեռ չէր քնած։ Հոլանի թևքը նեցուկ էր տվել սիրուն դեմքին, իսկ մտահույզ աչքերով խորասուզված էր յուր քաղցր հափշտակության մեջ։ Գլխի հարուստ գիսակները արձակ ծուփերով սքողում էին հրաշալի կուրծքի մի մասը միայն. մյուս մասը երևում էր որպես մի անդիմադրելի հրապուրանք, որի առջև ամենայն ջերմեռանդությամբ ծունր կխոնարհեցներ յուրաքանչյուր մահկանացու։ Մի ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհարի կոթը, որ մոռացված, ընկած էր կիսամերկ ազդրի վրա, և յուր փայլուն, գույնզգույն հյուսվածքով ծածկում էր մարմնի այն հրապուրիչ մասը, որը ծածկելու համար Եվան թզենու տերև գործ ածեց։ Սենյակը, որի մեջ հանգչում էր նա, դատարկ էր, ուրիշ ոչ ոք չկար։ Նրա դատարկությունը լցրել էին արևելքի անհուն ճոխությունները իրանց սքանչելի զարդարանքներով։ Մի կողմում դրած էր արծաթյա լվանալիքը, որ ամենայն հոժարությամբ սպասում էր մինչև յուր տիկինը քնե, արթնանա և ապա լվացվի յուր անուշահոտությամբ։ Մի կողմում դեռ մխում էր գոհարազարդ նարգիլեն, որ յուր երկար, օձապտույտ ծխաքարշով դրած էր նրա մոտ։ Մի անկյունում մեղմ ապակիներով նույնպես ծխում էր գեղեցիկ բուրվառը, և որպես սիրո և բորբոքման