Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշեղ տոչորումն, յուր կնդրկային բուրմունքը տարածում էր դեպի գեղեցիկ սենյակի դատարկությունը։ Նույն բուրվառի նման ծխում էր և հարեմի գեղեցկուհու սիրտը։ Տխուր էր նա և անհանգիստ։ Կարծես մեկի մասին մտածում էր, սպասում էր․․․

Սպասում էր և նա, որ այժմ գտնվում էր «կարմիր սենյակում»։ Միայնակությունը ձանձրացրեց նրան։ «Անգործությունից չգիտեր ի՛նչ անել։ Միակ արարածը, որ զբաղեցնում էր նրան, այն լի փափկությամբ պատկերն էր, որի վրա նայում էր։ Հարեմի կնոջ հրապուրիչ դիրքը, պառկելու հեշտախտական ձևը դյուր եկավ նրան, մտածեց նմանվիլ: Նայեց գլխին։ Ի՞նչպես և ի՞նչով հորինել այն գույնզգույն ապարոշը, որ զարդարում էր նրա սիրուն գլուխը։ Նա յուր մազերն ևս արձակեց որպես նա արձակած ուներ, կուրծքը բաց արեց և ոսկեփայլ գիսակները սփռեց մերկ լանջաց և ուսերի վրա։ Այդ բավական նմանեցրեց, բայց ափսո՜ս, յուր մազերն ևս այնպես սև և այնպես գանգրահեր չէին, որպես նրանը։ Մնում էր ապարոշը։ Վեր առեց սեղանի վրա դրած սպիտակ անձեռոցիկներից մեկը, փորձեց, հարմար չգտավ։ Հետո վեր առեց յուր մետաքսյա շալը։ Փաթաթեց գլխին։ Դա շատ հարմար էր և մինչև անգամ սիրուն։ Թիկն տվեց թախտի վրա դրած մութաքաներին, ձեռքը դրեց ծնոտին և ընդունեց նույն դիրքը, որ նա բռնած ուներ։ Նայեց հայելու մեջ, որ քաշ էր ընկած հանդիպակաց պատի վրա։ Մի աննմանություն գտավ։ Նրա ոտները, սրունքները, մինչև ծնկներից բավական վերև, բոլորովին մերկ էին, իսկ իրանը՝ ծածկված շրջազգեստի երկար ծալքերի ներքո։ Բոլոր հաճույքը հենց այն մերկության մեջն էր։ Ինքն ևս կոշիկները հանեց, գուլպաները մի կողմ ձգեց և, շրջազգեստը վեր քաշելով, յուր մարմարիոնի նման ճերմակ ոտներին նույն գրավիչ ձևը տվեց։ Կրկին նայեց հայելու մեջ։ Մի թերություն ևս գտավ։ Նա ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհար, որ յուր լայն բացվածքով սքողում էր ծնկներից վերևի մասի մերկությունը։ Ինքը ևս վեր առեց յուր հովհարը, բաց արեց և նույն կերպով ձգեց յուր հոլանի ազդրի վրա։ Այժմ բավական նման էր։ Նայում էր հայելու մեջ և ինքն իրանով հիանում էր։

Գեղեցիկ լամպան, որ ծածկված էր վարդագույն լուսարգելով, սփռում էր յուր վարդագույն շառավիղները նրա հարուստ մարմնի վրա, և բենգալյան կրակի նման՝ երևան էր հանում մի կենդանի պատկեր, որ խիստ հազիվ անգամ ի ցույց է դրվում թատրոնների բեմի վրա։ Նույն վարդագույն լույսը, ցոլանալով «կարմիր