Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպասում էր, մինչև դարձյալ քնե։ Մերկ մարմնի վրա նայելը, այն ևս գեղեցիկ կնոջ փափուկ մարմնի վրա, մի աոանձին զվարճություն էր պատճառում ցամաքած սրտին։ Նա կրկին իր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց ոտներին։

— Թո՛ղ, մայրիկ... թո՛ղ, մի քիչ էլ քնեմ...— լսելի եղավ պատրվակյալ քնողի քնքուշ ձայնը:

«Նա կարծում է, որ իրանց տանն է, — մտածեց Սերգեյ Եգորիչը,— և պառավ մայրը հանգստություն չէ տալիս իրան»:

Սերգեյ Եգորիչի ծնկները արդեն սկսել էին դողդողալ։ Աթոռը մոտ քաշեց, նստեց պարսկական թախտի մոտ։ Անհամբերությունը դարձյալ սկսեց խռովել նրան։ Ձեռքը մեկնեց, կամենում էր բարձրացնել հովհարը, որ սքողում էր նրա մարմնի ավելի հրապուրիչ մասը։ Ձեռքը դողդողաց և իր ծանրությամբ ընկավ հովհարի վրա։ Անզգուշությունը իբրև, թե արթնացրեց քնած կնոջը։ Աչքերը բաց արեց և, տեսնելով Սերգեյ Եգորիչին, պառկած տեղից վեր թռավ, փաթաթվեց նրա պարանոցին։ Սերգեյ Եգորիչը գրկեց նրան և, նստեցնելով յուր մոտ, թախտի վրա, սկսեց ամենայն սիրով փայփայել գեղեցիկ գլուխը։ Նա կամեցավ հագնել։ Իայց Սերգեյ Եգորիչը արգելեց, ասելով.

— Ինչո՞ւ զարթնեցար, մի քիչ էլ քնեիր, այնպես լա՞վ էր. շատ լավ։

— Մի՜թե,— ծիծաղելով հարցրեց կինը։ — Ի՞նչ անեի, երկար սպասեցի, մինչև բոլորովին ձանձրացա։ Չգիտեի՝ ինչով զբաղվել։ Սկսեցի հիմարություններ անել։ Մտածեցի նմանվել այն պատկերին (նա ձեռքը տարավ դեպի պատկերը)։ Այնպես պառկեցի, քունս տարավ։ Նա կամեցավ գլխի ապարոշը արձակել, Սերգեյ Եգորիչը դարձյալ արգելեց, ասելով. — Ոչ, ոչ, այսպես թող մնա, այսպես ավելի գեղեցիկ ես երևում ինձ։ — Ասիական հյուրանոցում պետք է ասիական կերպարանք ստանալ, — նկատեց կինը, զիջանելով նրա խնդիրքին։ Սերգեյ Եգորիչին խիստ դյուր եկավ նրա զիջումը, մտածեց իսկույն ուրախացնել նրան։ Գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տալով հարցրեց.

— Դե իմացիր, ի՞նչ կա դրա մեջ: