Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերգեյ Եգորիչը մատով կամաց զարկեց նրա քթի ծայրին՝ ասելով.

— Շա՜տ լավ աղջիկ ես, Սոֆի։

Ախորժակը բաց անելու համար՝ մինը մյուսի հետևից խմեց նա երկու րյումկա օղի, իսկ օրիորդին առաջարկեց քաղցր և հոտավետ ըմպելիքներ, որոնց մի քանի տեսակը դրած էր սեղանի վրա: Ճաշելիքները նույնպես բազմատեսակ էին։ Սերգեյ Եգորիշր ընտրում էր անուշ պատառները և իր ձեռքով դնում էր նրա պնակի մեջ:

Սոֆիա Իվանովնան — այսպես էին կոչում նրան — արդեն իր հասակի երեսուն տարեկանին հասած, մի պառավ օրիորդ էր, ազգով ռուս։ Հայրը մեռավ բարակացավից, իսկ մայրը աղքատության կսկիծից։ Յուր կյանքի դեռ նոր ծաղկած Ժամանակը նա մնաց բոլորովին որբ և անխնամ, երբ դեռ նոր էր ավարտել ուսումը մի օրիորդական դպրոցում Անփորձ աղջիկը չգիտեր ի՞նչ անել, որ քաղցած չմնա։ Միակ եղբայրը նրան չէր օգնում, զբաղված էր թղթախաղով։ Հոր ծանոթներից մեկը, մի վաճառական, վեր առեց նրան յուր տանը, որպես դաստիարակ յուր փոքրիկ որդիների։ Իբր և վաճառական (որովհետև փող և հաց էր տալիս), աշխատեց նա օգուտ քաղել և օրիորդի միամտությունից։ Օրիորդը թողեց այդ տունը, բայց այն ժամանակ, երբ արդեն դժբախտացած էր։ Այնուհետև նա ընկավ ձեռքից ձեռք, մինչև հասավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովին։

Երկուսն էլ ուտում էին, երկուսն էլ խմում էին։ Բացի Կախեթու գինուց, դրած էին և եվրոպական գինիներ։ Բայց Սերգեյ Եգորիչը որքան խմում էր, փոխանակ ուրախանալու, այնքան ավելի տխրում էր։ նա չէր կարողանում մոռանալ յուր կնոջը և նրա գիշերային արշավանքը սպասավորների հետ։ Որքան մտածում էր, այնքան ավելի դժվարանում էր լուծել յուր համար բոլորովին անբացատրելի գաղտնիքը։ Կնոջ մասին կասկած չուներ նա, բայց չէր էլ կարողանում փարատել յուր տարակուսանքը, թե ինչու էր գիշերով թափառում նա այն խուլ և դատարկ փողոցներում, ուր ցերեկով անգամ օրինավոր մարդիկ ամաչում են մուտք գործել։ Օրիորդը նկատեց Սերգեյ Եգորիչի թախծությունը, մտածեց զվարճացնել նրան։ Բայց զվարճացնել կարելի էր միայն գինիով։ Սրտի և զգացմունքների քաղցրության համար բոլորովին բթացած էր նա։

— Ի՞նչպես են կոչում այն մարդուն,— հարցրեց նա — որ սեղանի վրա կառավարում է։