Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դեպի լողացող գեղուհիները։ Աչքերը վառվում են և հեշտախտությունից բորբոքված շրթունքները ուռչում են։ Նայի՛ր նրա երեսին, որքան ուրախություն կա այդ մանուկ դեմքի վրա։ Դա մի սիրախնդիր պատանի է, անտառի որսորդ պատանիներից մեկը: Խմե՛նք նրա կենացը։

— Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

— Նայի՛ր դեպի մյուս պատկերը, — շարունակեց օրիորդը։ — Դրանից ես առի այն օրինակը, այն պառկելու ձևը, որին հանդիպեցար դու իմ քնած միջոցին։ Դա, ո՞վ գիտե, ո՛ր շահի, ո՛ր սուլթանի կանանոցի զարդն է։ Բայց տեսնում ես ո՜րքան տխուր է, ո՜րքան թախծալի է։ Կարծես բանտարկված լինի յուր անհուն հարստության մեջ։ Կարծես այն բոլոր գեղեցիկ պճրանքները նրան խեղդելու համար լինին հորինված, այո՛, նա մի անբախտ զոհ է, մի թշվառ գերի է յուր ոսկով ու մետաքսով զարդարած շրջապատի մեջ։ Տեսնո՞ւմ ես, մեկին սպասում է, ինչպես ես սպասում էի քեզ։ Դու եկար, ես ուրախացա։ Բայց ո՞վ թույլ կտա նրա սիրո և քաղցր երազների առարկային ոտք դնել կանանոցի անմատչելի շեմքի վրա։ Խմե՛նք այդ անբախտի կենացը։

— Խմե՛նք, — կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

— Նայի՛ր դեպի այն պատկերը։ Եդիպտոսի արևակեզ անապատների միջով, յուր սպիտակ նժույգի վրա նստած, անցնում է մի հերոս։ Նրա ետևից դնում են նրա լեգեոնները։ Հեռվից երևում են փարավոնների հսկա բուրգերը և մի քանի ֆենիքսյան արմավենիներ, որ իրանց երկար ու մերկ բուներով և փնջաձև կատարներով ցցված են անապատի դատարկության մեջ...

— Դա ո՞ւմ պատկերն է,— ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

— Նապոլեոն առաջինի։ Բայց գիտե՞ս ով էր Նապոլեոնը։

— Մեր բանկի դիրեկտորն է, — պատասխանեց Սերգեյ Եգորիչը։

Օրիորդը սկսեց ծիծաղել:

— Այդ թողնենք, — ասաց օրիորդը։ — Նապոլեոնը մի պատերազմասեր մարդ էր. ես չեմ սիրում խմել այդպիսի անձանց կենացը, որ միշտ արյունով են ողողում իրանց փառքը։ Ահա նրա պատկերի մոտ քաշ է ընկած մի այլ պատկեր։ Տիկինը պատրաստվել է, դուրս գալու։ Գեղեցիկ, սենեկային ծաոան մի ձեռքով տալիս է