Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք խմեցին բոլոր մերկ և կիսամերկ կանանց կենացները, մինչև հասան մեկին, որ հայտնի չէր, թե ի՞նչ հիմարությամբ պանդոկատերր դրել էր մյուսների կարգում։

— Տեսնո՞ւմ ես այդ պատկերը, Սերգեյ Եգորիչ, դա ընկած և վերստին կանգնած կնոջ պատկերն է։ Մի ժամանակ նրա սիրտը լցված էր յոթ դևերով, իսկ այժմ հրեշտակներն ամենայն քնքշությամբ թևապարում են նրան։ Տխո՜ւր է նա, և որպես մի անմխիթար սգավոր, հերարձակ գլուխը խոնարհած, ողբում է ցավալի մահը այն էակի, որ, յուր աստվածային ձեռքը մեկնելով, դուրս քաշեց նրան ընկած դրությունից և կանգնեցրեց կնոջ ամենաբարձր արժանավորության վրա։ Խմենք այդ սիրելի կնոջ կենացը, որի օրինակը պետք է խրատական լինի մեզ բոլոր ընկածներիս։

— Ո՞վ էր նա, — հարցրեց Սերգեյ Եգորիչր բոլորովին սառնությամբ։

— Մարիամ Մագթաղենացին։

— Հա՛, Մարիամ Մագթաղենացի՞ն, — կրկնեց Սերգեյ Եգորիչր մի այնպիսի ձայնով, որ կարծես իրանց լվացարար Մարիամի մասին լիներ խոսքը։

— Ոչ, Մարիամ Մագթաղենացին,— ուղղեց օրիորդը Սերգեյ Եգորիչի սխալը։

Սերգեյ Եգորիչը արտասանեց դարձյալ նույն ձևով։

— Լսի՛ր, Սերգեյ Եգորիչ, մի ժամանակ, երբ ես դաստիարակ էի, վարժուհի էի, այն երանելի ժամանակներում, մի անգամ ինձ հրավիրեցին իբրև քննիչի օգնական մի օրիորդական դպրոցում, որ գտնվում էր քաղաքիս ամենաաղքատ թաղերից մեկում և պահպանվում էր բարեգործական օժանդակություններով։ Այնտեղ իշխում էր մի վարժուհի, որի մասին պատմում էին, թե զարմանալի ընդունակություն ունի աշակերտուհիների համար միշտ նորանոր պատիժներ հնարելու։ Մի անգամ մի փոքրիկ աղջկա երեսին մեղր էր քսել տվել և, թևքերը կապելով, կանգնեցրել էր դասատան մեջ այնքան ժամանակ մինչև ճանճերը հավաքվելով բոլորովին լիզել էին մեղրը խեղճ դատապարտյալի երեսից։ Դու երկու սխալ գործեցիր. նախ չիմացար, թե ո՞վ էր Նապոլեոն առաջինը, իսկ այժմ չես իմանում, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Աոաջին սխալը կներեմ քեզ, բայց, իբրև քրիստոնյա, պետք է գիտենաս, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Դու ինձ այն ասա, դոլուբաշին ունի՞ իրավունք ամեն տեսակ պատիժներ տալու։