Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորին, կարծես փորձելու համար` արդյոք այլևս տեղ մնացե՞լ էր լցնելու, և ապա հեռացավ սեղանից, ձգվեցավ թախտի վրա։ Օրիորդը նույնպես հեռացավ սեղանից, նստեց կողքին։ Մի քանի րոպե լուռ նայում էր նրա երեսին, և նրա թախծալի աչքերում կարդացվում էին հետևյալ տխուր խոկումները, «Ո՜րտեղից ո՜րտեղ... ես ու՞ր, և այդ ամեն զգացմունքներից զուրկ ծերուկն ո՛ւր...դա ի՞նչ իմ զույգն է»...

Օրիորդը իսպառ փշացած չէր: Նրա մեջ դեռ մնացել էին շատ մաքուր և շատ անարատ կայծեր, բայց թաղված խորտակված սրտի մոխրի մեջ: Մի շունչ, մի հրաբորբոք շունչ բավական էր կրկին վառելու նրանց։ Եվ դա կարող էր լինել անկեղծ սիրո բարերար շունչը, որին կարոտ էր նա։ Բայց ամենքը խաբեցին, ամենքը դավաճանեցին նրան։ Ամեն ոք յուր սիրո խոստումներով մի ուժգին աքացի տվեց նրան, մինչև գլորվեցավ տիղմի մեջ, անբարոյականության անդունդը։ Այժմ նույն անդունդի մեջ էր գտնվում, մի ստորերկրյա կասկածավոր հյուրանոցի օթյակում, մի զզվելի վաճառականի կողքին, որի բոլոր արժանավորությունը բովանդակվում էր յուր ծանր քսակում: Վաճառական էր նա՝ այդ բառի լիակատար նշանակությամբ: Նա ամեն ինչ սովոր էր գնել փողով, մինչև անգամ գեղեցիկ կնոջ սերը:

Օրիորդը մտածեց կատակներ անել նրա հետ և, թևքով հենվելով արձակ կուրծքի վրա, սկսեց յուր քնքուշ մատներով խաղալ նրա գլխի կարճ խուզած, ալեխառն մազերի հետ:

— Ծերացա՜ր, Սերգեյ Եգորիչ, ծերացար դու,— անդադար կրկնում էր նա, փայփայելով յուր Կրեսոսի ճակատն ու գլուխը։— Ե՞րբ պետք է վերադառնա քո մանկությունը։

— Մազերս թող չսխալեցնեն քեզ, Սոֆիա Իվանովնա,— պատասխանում էր Սերգեյ Եգորիչը։— Ես դեռ չեմ ծերացել, սիրտս բոլորովին թարմ է մնացել, իսկ հոգիս՝ լի սիրով քեզ համար, միայն քեզ համար, Սոֆիա Իվանովնա:

Օրիորդի դեմքի վրա երևաց մի երկբայական ժպիտ։

— Ճշմարի՞տ ես ասում, միայն ի՞նձ համար,— հարցրեց նա, ավելի պինդ կերպով շոշափելով յուր պառավ հերոսի բորբոքված երեսը, որ շատ խմելուց բոլորովին աղյուսի գույն էր ստացել:

— Թո՛ղ որդիքս մեռնեն, թո՛ղ աստված ինձ տասը պատիժ տա, եթե սուտ լինիմ խոսում:

Այս երդումների միջոցին Սերգեյ Եգորիչը ձեռքը մեկնեց և,