Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրիորդի գեղեցիկ գլուխը մոտեցնելով յուր շրթունքներին, համբուրեց և մի ինչ-որ խոսք փսփսաց նրա ականջին:

— Այդ չէ կարելի, Սերգեյ Եգորիչ,— ասաց օրիորդը, աշխատելով հեռանալ նրա մոտից:

— Ինչո՞ւ չէ կարելի,— թախանձում էր Սերգեյ Եգորիչը,— պինդ կերպով բռնած ունենալով նրա ձեռքից։

— Անամո՜թ մարդ...

Սերգեյ Եգորիչը ամոթից թե խղճի մի այլ խայթից մնաց ապշած, քարացած դրության մեջ, յուր թախտի վրա։

Օրիորդը շտապով հագնվեցավ և, բազուկներից դուրս հանելով այն գիշեր ընծա ստացած թանկագին ապարանջանները, նետեց «բարի» և «սիրելի» մարդու երեսին, և ապա կողպված դռները բաց անելով, դուրս փախավ:

Սերգեյ Եգորիչը դեռ գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Մոռանալով սերթուկը հագնել, միայն ծածկեց ցիլինդրը, և այնպես կիսամերկ, ժիլետի կոճակներն արձակ, վազեց անակնկալ փախստականի ետևից: Բայց արդեն ուշ էր։ Հեռվից, Երևանյան հրապարակի վրա, լսվում էր նրա սուր ձայնը «ֆայտո՜ն»...

Սերգեյ Եգորիչը չլսեց այդ ձայնը և յուր արբած դրության մեջ՝ դեռ այնքան տիրապետում էր իրան, որ մտածեց, որպեսզի իրան չտեսնեն, մի այլ ճանապարհով հետամուտ լինի փախստականին: Նա շտապեց անցնել հյուրանոցի այն կողմով, որ կոչվում էր «ետևի մուտք»: Այդ կողմումն էր խոհանոցը: Այդ կողմում թափված էին թե՛ խոհանոցի լափը և թե արբած բազմության ապականությունները։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում, միայն վազում էր։ Այդ տեսակ տեղերը սովորաբար վատ լուսավորված են լինում, իսկ այդ միջոցին, գիշերից բավական անցած լինելով, միակ լապտերը բոլորովին մարած էր։ Մի անկյունում, պատի մոտ, դրած էին հասասների ավելները, որ կապել էին երկար ձողերի գլխին: Առավոտյան նրանցով պետք է մաքրեին տիրող ապականությունը: Մթության մեջ Սերգեյ Եգորիչի ոտրը դիպավ ավելների խուրձին, և երեսի վրա ցած գլորվեցավ: Գլուխը սաստիկ զարկվեցավ սալահատակին, իսկ ցիլինդրը գլխից թռչելով ընկավ ապականությունների մեջ: Մի քանի րոպե մնաց նա ուշակորույս անշարժության մեջ: Հետո սկսեց թավալվիլ, անկարող լինելով կրկին վեր բարձրանալ։ Երկար տանջվում էր նա, երկար թավալվում էր, և միևնույն ժամանակ պատվավոր վաճառականի երեսը լողում էր մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած էր սալահատակի