Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր։

— Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը,— պատասխանեց օրիորդի մայրը։— Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով։

— Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ,— խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով։— Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը...։

— Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ,— նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով,— որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ։

— Հա՛, աղջիկս,— պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա։— Սոֆին կսովորեցնե քեզ ոլ Լիզային, և հետո կգնաք պանսիոն։

— Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան,— դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա։

— Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես,— պատասխանեց օրիորդը ժպտալով։

— Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞, մայրիկ,— կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն.— ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները։

Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.

— Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ։

Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից՝ ասաց նրան.

— Հա՛, դու շատ ուղորդ ես ասում... երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ․․․