Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
----------
Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ

Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ,— այդ խաչագողի գործն է։

Խաչագողը ունի յուր արհեստին վերաբերյալ բոլոր հմտությունները։ Այլևայլ երկրներում թափառելու համար նա գիտե զանազան ազզերի լեզուներ, ծանոթ է նրանց սովորություններին և ի՛նչ ազգի մեջ որ մտնում է, խոսում է այնքան վարժ, որ դժվար է որոշել, թե նա այն ազգին չէ պատկանում։ Նա յուր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է, դա ավազակների արգոն է:

Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։ Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը յուր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս և այն կողմ։ Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է յուր միտքը։