Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդաբարություններ է կարդում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։

Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ,— դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել յուր բուն պատկերի մեջ. այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմաների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։

Խաչագողը բովանդակում է յուր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ Նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է: Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ Հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր խավար։ Մի օր բարի է, մի օր չար։

Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։

Երբեմն նա փողոցային սրիկա է. գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից։ Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցողությամբ է անցկացնում։ Այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափառավոր հյուրանոցում նա խիստ