Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեջ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։

Խաչագողը չափազանց առաձգական է և դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է։ Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։

Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նորա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը յուր պապենական օթևանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում յուր պարանոցը։

Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես յուր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում յուր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չէ հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ,— այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...։

Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողջ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չէ կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր աղքատ։

Ես նկատեցի խաչագողի մի քանի ընդհանուր գծերը միայն, իսկ մանրամասնությունները ընթերցողը կտեսնե նույն իսկ «Խաչագողի հիշատակարանի» մեջ։ Այժմ դառնանք դեպի այն հարցը, թե ո՞ր երկրից հայտնվեցան խաչագողները։

Սալմաստա[1] մեջ եղած ժամանակս իմ գլխավոր զվարճություններից մեկն էր Սավրա գյուղը գնալը։ Այդ գյուղը նշանակություն է ստացել նրանով, որ այնտեղ են բնակվում այն հանրածանոթ

  1. Սալմաստը Պարսկաստանի Ատրպատական կոչված նահանգի գավառներից մեկն է, գտնվում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերի վրա։