Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտնում ես սավրեցու տունը։ Սենյակները զարդարած են ամեն երկրի ամեն տեսակ կարասիներով։ Պատերի վրա առանց ճաշակի, առանց դասավորության կպցրել են զանազան պատկերներ։ Տեսնում ես մի տեսարան Գարիբալդիի կռիվներից, նրա մոտ սգավոր աստվածամոր պատկերները, սրով խոցված սրտով, հետո «Թափառական հրեայի» պատկերը, հետո Հիսուս Քրիստոսը աղբյուրի մոտ խոսում է սամարացի կնոջ հետ, հետո մի տեսարան փարավոնների կյանքից։ Փարավոնը պատգարակի մեջ նստած է, մի խումբ ստրուկներ տանում են նրան ուսերի վրա. հետո մի քանի կիսամերկ զեղեցկուհիք լողանում են անտառում հոսող վտակի մեջ, հետո Պիոս IX-ի պատկերը և մյուսները այս կարգով։

Խիստ զգալի մի տեսարան է ներկայացնում, երբ աչք ես ածում Սավրայի ընտանեկան կյանքի վրա։ Տների մեծ մասում գտնում ես միայն հնացած, գործից ընկած, ծերունի խաչագողներ։ Այդ հմուտ, փորձված վարպետները հայրենական արհեստի մեջ զարգացնում են իրանց կանդիդատներին,— փոքրիկ, նորընծա խաչագողներին: Բոլոր երիտասարդները պանդխտության մեջ են գտնվում. նրանց կնիկները մնացել են առանց ամուսինների։

Սավրեցի կինը համբերող է,— ողջախոհության պես համբերող է նա։ Նա սպասում է. երկար ու ձիգ տարիներ սպասում է։ նա տանում է աղքատություն, միշտ հրապուրված այն քաղցր հուսով, թե մի օր յուր տղամարդը կվերադառնա գանձերով։ Նա ընդունում է յուր տղամարդին այն հպարտ պարծենկոտությամբ, որպես քուրդի կինը ընդունում է յուր հերոսին, երբ նա վերադառնում է կռվի դաշտից, յուր հետ բերելով անբավավար և կողոպուտներ։

Սավրեցի կնոջ մի այսպիսի վիճակը փոխել է նրա ոչ միայն բնավորությունը, այլև նրա հասարակական դրությունը։ Սավրեցի կինը ինքը տղամարդ է, երբ նրա ամուսինը տանը չէ։ Նա Սալմաստա մյուս գյուղերի կնիկների նման փակված կյանք չէ վարում։ Նա ավելի աշխարհային մարդ է։ Նրա վրա է դրած բոլոր հոգսը, ընտանիքի բոլոր ծանրությունը, որովհետև տղամարդը տանը չէ։ Նա մինչև անգամ մասնակցում է իրանց գյուղային հասարակության բոլոր գործերի մեջ, որպես են` հարկերի բաշխումը, ջրի հերթով բաժանելը, վարը վարելը, ցանքը ցանելը,— մի խոսքով, լցուցանում է գյուղական տնտեսության բոլոր պահանջները։ Երևակայեցեք մի այսպիսի կնոջ դրությունը, որը գերդաստանի մայր է, որը ապրում է Ասիայում, որի գործունեությունը ընտանեկան շրջանից դուրս կարող է հանդիպել հազար ու մեկ փորձությունների...