Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սավրայի գերեզմանատունը մինչև անգամ զուրկ է տղամարդերից։ Նրանք մեծ մասամբ մեռնում են պանդխտության մեջ և թաղվում են օտար երկրների հողի տակ։ Սավրայի գերեզմանատան մեջ հանդիպում են անթիվ շիրիմներ, որոնց մեջ ամփոփված են ոչ թե այս և այն խաչագողի մարմինները, այլ նրանց գլխարկը, կամ ճանապարհի ցուպը, կամ հողաթափները, վերջապես մի բան, որ հեռավոր երկրներից բերել էր մեռած խաչագողի ընկերը, որպես միակ հիշատակ նրա սիրելի ամուսնին։ Կինը տոհմային գերեզմանատան մեջ թաղել է տալիս յուր տղամարդի հիշատակի այն թանկագին նշանը, նրա անունով շիրիմ է կանգնեցնում։ Եվ ամեն տարի, երբ հանգուցյալների համար հոգեհանգիստ է կատարվում, անբախտ կինը օրհնել է տալիս այն գերեզմանը, խունկ է ծխում և նրա մոտ նստած արտասուք է թափում։ Ինձ ցույց տվեցին մի նշանավոր խաչագողի գերեզման, որի մեջ ամփոփված էր հանգուցյալի քթախոտի տուփը միայն, իսկ ինքը մեռել էր Ճապոնիայում։

Բայց պատահում էին զարմանալի դեպքեր։

Շատ անգամ, դեռ առաջին մեղրամիսը չլրացած, տղամարդը թողնում էր յուր նորահարսին և հեռանում էր դեպի օտար աշխարհ։ Խեղճ կինը սպասում էր նրան։ Անցնում էին տարիներ, տասն֊քսան տարի, նա դեռ սպասում էր։ Վերջը լսում էր նրա մահվան բոթը, ստանում էր նրանից մի հիշատակ և թաղել էր տալիս տոհմային գերեզմանատան մեջ։ Բայց քիչ չէր պատահում, որ այսպիսի, արդեն մեռածների կարգը դասված պանդուխտը, մի քանի տասնյակ տարիներից հետո, հանկարծ հայտնվում էր, կարծես թե, անդունդից դուրս էր դալիս նա, մաշված, ալևորված և բոլորովին հնացած։ Բայց նա թողել էր յուր ընտանիքը և յուր հայրենիքը, երբ տակավին առողջ ու թարմ էր հասակով։ Նա գտնում էր յուր ընտանիքը ցրիվ եկած, ամեն ինչ ոչնչացած... կինը ուրիշ մարդու գնացած և ուրիշ գերդաստանի մայր դարձած... յուր թողած տան հետքն անգամ չէր մնացել... միայն գերեզմանատան մի քարի վրա կարդում էր նա յուր անունը,— յուր մահվան արձանագրությունը.․. Սավրա գյուղը ռուս֊պարսկական 1826 թվի պատերազմից առաջ համարյա մի փոքրիկ քաղաք էր. նա ուներ մի քանի հազար տուն բնակիչներ։ Բայց երբ պատերազմից հետո ավելի քան 40 հազար հայեր Պարսկաստանից գաղթեցին դեպի Ռուսաստան, նրանց հետ և Սավրայի հայերի մեծ մասը թողեցին իրանց հայրենիքը։ Անցնելով Երասխ գետի մյուս կողմը, սավրեցիք բաժանվեցան