Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել,— սաստեց նրան օրիորդ Սոֆին։

— Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ,— ասաց նա և լռեց։

Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.

— Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն։ Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք։

Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ։

Լսելի եղավ դռան մուրճի զարկը։

Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության։

Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ։

Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն։ Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա՝ Օլինկայի հետ։ Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները։

Օրիորդ Սոֆիի սենյակում, որ և՛ նրա ննջարանն էր, և՛ հյուրանոցը, և՛ կաբինետը, հայտնվեցավ հյուրուհին, մի հասուն օրիորդ, միջակ հասակով, ուրախ դեմքով և բավական վայելուչ կերպով հագնված առանձին թեթև զգեստներով։

Նրա երևույթը լիակատար հաճություն պատճառեց օրիորդ Սոֆիին, տեսնելով յուր հին ընկերուհուն, որ երկու տարի առաջ ավարտել էր նույն պանսիոնը, ուր ուսանում էր ինքը, և նրանք ուրախությամբ գրկախառնվեցան։

Այդ օրիորդը նույնպես արմենուհի էր և կոչվում էր Անիչկա Եգորովնա։

Օրիորդ Սոֆին մատույց յուր ընկերուհուն մի հին աթոռ, որից երկու հատ միայն կար նրա սենյակում, այնպես որ մի երրորդ անձն եթե գար, ստիպված պետք է նրա մահճակալի վրա նստեր։

— Ներեցե՛ք, խնդրեմ, Անիչկա ջան,— ասաց նա ռուսերեն,— ես տակավին որպես մի օտարական հյուր եմ այս տան մեջ. մենք