Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխվեցան դեպի Երևանյան նահանգը, բայը Սավրայի մեջ դարձյալ մնացին մի քանի հարյուր տուն խաչագողներ և մնում են մինչև այսօր։

Սալմաստում եղած ժամանակս ես հաճախ գնում էի խաչագողների գյուղը. իմ նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել այդ բախտախնդիրների կյանքը, այլ ինձ առավել հետաքրքրում էր մի երևելի խաչագողի պատմությունը, որին կոչում էին Մուրադ։ Ինձ ցույց տվին նրա տունը, ես մտա այն գեղեցիկ սենյակը, որի մեջ մի ժամանակ ապրում էր այդ նշանավոր մարդը, որ թողել էր յուր արհեստակիցների հիշողության մեջ շատ և շատ զարմանալի պատմություններ։ Մուրադը վաղուց մեռած էր, ավելի ճիշտ կլիներ ասել սպանված էր, առանց ժառանգ թողնելու։ Ես գտա նրա կնոջը միայն, յոթանասունամյա պառավ Նանային։ Դա մի կին էր խիստ բարի երեսով և խելացի աչքերով։ Նա շատ դժվարությամբ հանձն առեց պատմել ինձ մի քանի դեպքեր յուր ամուսնի կյանքից։ Բայց ինչ որ պատմեց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը հագեցնելու համար։

Երբ ես փոքր-ինչ մտերմացա պառավի հետ, երբ նա հասկացավ իմ հարցասիրության նպատակը, ավելի համակիր եղավ դեպի ինձ։ Ես հարցրի՝— չէ՞ մնացել արդյոք հանգուցյալից որևիցե գրավոր բան։ Նա վեր կացավ և, մի հնադարյան պահարանից դուրս բերելով մի տետրակ, դողդոջուն ձեռքով տվեց ինձ։ Ավերակների մեջ թաքնված գանձ գտնողը այնքան ուրախ չէր լինի, որքան ուրախացա ես նույն րոպեում։ Այդ, հնությունից դեղնած, քրքրված տետրակը Մուրադի օրագիրն էր։ Նա գրված էր զանազան ժամանակ, գանազան գույնի մելաններով։ Մի քանի տեղերում պակասում էին ամբողջ երեսներ. մի քանի տեղերում ևս սկսված գլուխը մնացել էր առանց վերջացնելու։ Այսուամենայնիվ, տետրակը բովանդակում էր յուր մեջ խիստ հետաքրքիր տեղեկություններ թե՛ հեղինակի և թե՛ առհասարակ խաչագողների վերաբերությամբ։

Նրա թերությունները լրացրեց պառավը, յուր պատմություններով։

Ես վաղուց դիտավորություն ունեի գրել մի բան խաչագողների կյանքից, և այդ բաղձանքը իրագործելու համար, բավական էր ինձ օգուտ քաղել Մուրադի օրագրություններից։ Այդ օրագրությունը կոչվում էր «Խաչագողի հիշատակարան»: Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև ե՞րբ պիտի ծածկենք մեր կեղտերը։