Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը...։

Պառավը, որի մասին հիշեցի վերևում, բանաստեղծական տիպ չէ, դա միևնույն Նանան է, որին կտեսնե ընթերցողը այս վեպի ընթացքում։ Նա մեռավ 1857 թվին, ապրելով որպես առաքինի կին և բարեպաշտ քրիստոնյա։ Իսկ Մուրադը, այդ վեպի հերոսը, նույնպես պատմական անձնավորություն է։ Նա, վերջը խաչագողների հասարակությունից հեռանալով, մտավ մի այլ խումբի մեջ, դարձավ անդամ մի այլ հասարակության, որի հետ կծանոթանա ընթերցողը, երբ կկարդա իմ «Կայծեր» կոչված աշխատությունը, որը այժմ մամուլի տակ է։

Վերջացնելով իմ նախաբանը, սկսում եմ «Խաչագողի հիշատակարանը», պահպանելով նույն ձևը, և նույն դասավորությունը, որպես Մուրադը դրել էր յուր օրագրությունները։