Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դարբնությո՜ւն,— գոչեցի ես,— ես չեմ ուզում սևանալ երկաթի ու ածուխի փոշիների մեջ։

— Դու չես սևանա,— պատասխանեց մայրս յուր սովորական հանդարտությամբ։— Ածուխի սև փոշիներից դուրս է գալիս սպիտակ հաց և սպիտակ արծաթ, որ ընդհակառակն, միշտ սև են և միշտ սև կմնան այն մարդկանց երեսները, որոնք խարդախությամբ ուրիշի ոսկիները կողոպտում են, իսկ իրանք դարձյալ մնում են քաղցած.․․։

Ես հասկացա, մորս ակնարկությունը խաչագողների մասին էր։

Ես մորս շատ էի սիրում, հորս անհայտանալուց հետո նա մեզ սնուցել էր ծնողական բոլոր քնքշությամբ։ Այդ պատճառով նրան հակառակել չկարողացա, միայն հարցրի.

— Ի՞նչու անպատճառ դարբնություն, մի՞թե ուրիշ արհեստները վատ են։

— Բոլորը լավ են,— պատասխանեց նա։— Աշխատանքը և աշխատությունը միշտ լավ է. վատ է միայն ծուլությունը, անգործությունը։

Հետո ավելացրեց, նրա համար է բարվոք համարում սովորել ինձ դարբնություն, որ այդ արհեստը ավելի հարմար էր իմ կազմվածքին։ Դարբնի համար հարկավոր էին ուժեղ մկաններ, զորեղ բազուկներ և հաջողակ ձեռք,— այդ բոլորը ունեի ես։

— Քավոր Պետրոսն ևս այդ խորհրդի մեջ համաձայն էր ինձ հետ,— ասաց մայրս։

Քավոր Պետրոսի հեղինակությունը այն աստիճան նշանակություն ուներ մեր ընտանիքի համար, որ մենք ամենքս խոնարհվում էինք նրա առջև և ընդունում էինք նրա տված խորհուրդները։

Մեր գավառի դարբնոցները գտնվում էին ըստ մեծի մասին Հին քաղաքում (Քոհնա շհարում), որը հեռու էր մեր գյուղից մեկ մղոն հեռավորությամբ։ Երկու օր չանցած այդ խոսակցությունից, մայրս ինձ յուր հետ առնելով, տարավ Հին քաղաքը, հանձնեց ուստա Գրիգորին։ Եվ որովհետև հեռավորության պատճառով դժվար էր ամեն օր գնալ այնտեղ և վերադառնալ մեր գյուղը, դրա համար ես ամբողջ շաբաթը գնում էի դարբնոցը աշխատելու, իսկ գիշերները կենում էի իմ մորաքրոջ տանը։ Կիրակի օրերը միայն գալիս էի մեր տունը, մորս և քույրերիս տեսնելու համար։

Թե՛ քավոր Պետրոսի և թե մորս նախատեսությունը իմ ընդունակության մասին՝ դարբնության արհեստի մեջ, սխալ չէր։ Ես մի քանի ամիսների ընթացքում սովորեցի այնքան, ինչ որ ուրիշ աշակերտները