Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորել էին տարիներով։ Մայրս չափազանց ուրախ էր իմ հառաջադիմության համար. ոչ սակավ ուրախանում էր և քավոր Պետրոսը։ Նա մի օր ինձ տվեց մի բանալի, ասելով.

— Այդ բանալին փորձելու համար եմ տալիս քեզ, Մուրադ. եթե դու կշինես դրա նման մեկը, ես կհավատամ, որ դու քո արհեստի մեջ բավական առաջ ես գնացել։

Ես քննեցի բանալին, իսկույն հասկացա, որ դա մեր երկրի արհեստավորների գործ չէր, այլ Ֆրանգստանում, կամ մի այլ տեղում էր շինված, ուր արհեստը ավելի առաջ էր գնացել, քան թե Պարսկաստանում։

— Իսկ եթե ճիշտ դրա նման շինելու լինեմ,— հարցրի ես բանալին լավ զննելուց հետո։

— Քեզ համար կարել կտամ մի ձեռք բոլորովին նոր հագուստ,— ասաց քավոր Պետրոսը։— Շատ ժամանակ է, որ քեզ ոչինչ չեմ ընծայել։

Հետևյալ կիրակի օրը, երբ վերադարձա մեր գյուղը, արդեն պատրաստի բանալին տարա քավոր Պետրոսի մոտ։ Նա առեց ձեռքը, համեմատեց, այս կողմը շուռ տվեց, այն կողմը շուռ տվեց, հետո ասաց.

— Բոլորովին նման է...:

Քավոր Պետրոսը կատարեց յուր խոստմունքը, ես հենց նույն օրը հագա նրա կարել տված նոր հագուստը։

— Մուրադ,— փոքր-ինչ մտածելուց հետո,— այդ բանալին շինելու ժամանակ դարբնոցում ո՞վ տեսավ. երևի վարպետդ կամ մեծ աշկերտներից մեկը քեզ ցույց տվին շինելու կերպը։

— Ես ոչ ոքին ցույց չեմ տվել։

— Ինչո՞ւ։

— Մեր դարբնոցում արգելված է աշակերտներին իրանց համար բաներ շինել, այդ պատճառով ոչ ոքին ցույց տվի թաքուն շինեցի։

— Երբ որ այդպես է, ես էլ ոչ ոքին ցույց չեմ տա, դու էլ ոչ ոքին մի ասա։ Ես չեմ ուզում, որ քո վարպետը քեզ վրա բարկանա։

Ես այն աստիճան հրապուրված էի իմ նոր հագուստի ուրախությունով, որ ամենևին հասկանալ չկարողացա, թե ի՞նչ խորհուրդ ունեին քավոր Պետրոսի այդ նախազգուշությունները։ Դիցուք թե մեր դարբնոցում աշկերտներին արգելված էր իրանց համար իրեղեններ շինել, դիցուք թե իմ վարպետը հասկանա, թե ես մի