Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանալի եմ շինել, ի՞նչ պիտի աներ նա,— շատ-շատ ականջներից» փոքր-ինչ ձիգ կտար, և ղրանով կվերջանար պատիժը։

Բայց ես զարմացա, երբ քավոր Պետրոսը պատվիրեց, որ իմ մորն էլ չհայտնեմ, թե նրա համար մի բանալի եմ շինել։ Ինչո՞ւ չի պիտի հայտնեի, մայրս ավելի կուրախանար, դրա մեջ ի նչ ծածկելու մի բան կար։ Բայց ես քավոր Պետրոսին սուրբի նման պաշտում էի։ Երևի, մտածում էի, այնպես ավելի լավ կլինի. նա ինձանից թե խելքով և թե հասակով ավելի մեծ է, բաների կարգը ինձանից ավելի լավ է իմանում:

Անցան մի քանի ամիսներ, անցավ մի տարի։ Ես բոլորովին մոռացա բանալիի գոյության մասին։ Քավոր Պետրոսի ընծայած հագուստը մաշվեցավ, ես դարձյալ նոր հագուստներ ու ընծաներ ստացա նրանից։ Նա ինձ որդու պես սիրում էր, և ամեն անգամ, երբ տեսնում էր իմ շինած բաներից մի գեղեցիկ գործ, իմ առաջադիմությունը առանց վարձատրության չէր թողնում։ Մայրս ուրախանում էր, երբ ես օրըստօրե գրավում էի մեր բարերարի համակրությունը և նրան սիրելի էի դառնում։

Ամբողջ չորս տարի ես աշխատում էի իբրև աշկերտ. վարպետս ինձ միայն հացի փող էր տալիս, բայց երբ տեսավ իմ աշխատանքն ու իմ շնորհքը, այն ժամանակ ռոճիկ նշանակեց։ Ռոճիկը ստանում էի յուրաքանչյուր ամսի սկզբում, ամեն անգամ երկու ոսկի։ Երբ առաջին անգամ ստացա երկու ոսկին, իսկույն շտապեցի մորս մոտ, տվեցի նրան իմ քրտինքի առաջին պտուղը։

Մայրս ուրախության արտասուքը աչքերում ղրկեց ինձ և համբուրելով ասաց.

— Տեսնո՞ւմ ես, զավակս, որ երկաթի ու ածուխի փոշիներից փայլուն ոսկիներ դուրս կգան,— տեսնո՞ւմ ես, թե որքան քաղցր է արդար աշխատության պտուղը։

Ես իսկույն հիշեցի, որ այդ միևնույն խոսքերը նա ասաց ինձ չորս տարի առաջ, երբ աոաջին անգամ աշխատում էր համոզել ինձ, որ արհեստ սովորեմ։ Իսկ այժմ միայն հասկացա, որ ճշմարիտ էին նրա խոսքերը,— իրավ, որ քաղցր էր, շա՝տ քաղցր արդար աշխատանքի պտուղը։ Ես այնպես սիրով կպած էի իմ արհեստին, որ այլևս ուրիշ բանի վրա շէի մտածում։

Ես այնուհետև հորեղբորս տունը. չէի դնում և այնքան զզվում էի նրա ընտանիքից, որքան մայրս։ Մենք այժմ կարոտություն չունեինք հորեղբորս օգնությանը։ Վարպետս