Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մի լավ պատանի էր, որին կոչում էին Ասլան: Ես պատմեցի նրան մի քանի ժամ առաջ պատահած դժբախտությունը։ Նա փոքր-ինչ մտածեց, հետո ասաց.

— Եկ ինձ հետ, մենք չենք թողնի, որ դու ֆերրաշների ձեռքն ընկնես։

Այդ «մենք»-ից ես հասկացա, որ նա մենակ չէր, այլ ուրիշ ընկերներ ևս ուներ։

Նա տարավ ինձ յուր ընկերների մոտ. մեկի անունը Կարո էր, մյուսինը՝ Սագո։ Դրանք որբ պատանիներ էին, անտուն, անտեղ, անհայր և անմայր։ Ապրում էին երկնքի թռչունների նման, քնում էին այնտեղ, որտեղ մթնում էր օրը։ Երեքն էլ հասակակից էին ինձ հետ: Ես առաջուց ծանոթ էի նրանց հետ և լավ ծանոթ։ Նրանք Հին քաղաքի դպրոցի աշակերտներից էին, սովորում էին մի քահանայի մոտ, որին կոչում էին տեր-Թոդիկ։ Մի անգամ այդ երեքն էլ փախան նրա դպրոցից և բոլորովին անհայտացան։ Այդ օրից անցել էին մի քանի ամիսներ, այժմ առաջին անգամ կրկին հանդիպում էի վաղեմի ծանոթներիս։

— Մուրադ, — ասաց ինձ նրանցից ավելի մեծը՝ Կարոն,— եթե մեզ մոտ մնալու լինես, դու ազատված կլինես վտանգից։

— Մուրադը մեզ հետ ընկեր կդառնա,— մեջ մտավ Սագոն։ — Ես էլ այդ նպատակով բերեցի նրան,— ավելացրեց Ասլանը։ Այդ ի՞նչ ընկերություն էր, ինչով կարող էի ես ընկեր դառնալ նրանց հետ,— այդ մասին ոչինչ չխոսեցին։ Բայց ես գիտեի, թե այդ մոլաշրջիկները ովքեր են, կամ ինչ տեսակ տղերք են։ Նրանք դեռ տեր-Թոդիկի դպրոցում եղած ժամանակ հայտնի էին իրենց ճարպկություններով և զանազան արկածներով։ Նրանց մասին մարդիկ լավ չէին խոսում, որովհետև նրանք փոքրիկ սրիկաներ էին...։

Ես խոստացա նրանց մոտ մնալ, մինչև տեսնեինք, թե վարպետիս գործը ինչով կվերջանար։ Իմ նոր ընկերներս ուրախացան։ Ամառ էր։ Բայց երկնքի տակ ամեն տեղ կարելի էր օթևանել։ Ա՜խ, ո՛րքան լայն և ընդարձակ է աստծո աշխարհը, ո՛րքան ախորժելի է, երբ նրա մեջ ազատ ես, և չար մարդիկ չեն նեղացնում քեզ...։

Երբ հանգստացա, երբ բոլորովին ուշքի եկա, այն ժամանակ միայն հասկացա, որ մեր գյուղից շատ հեռու չեմ գտնվում։ Մեր գյուղը շրջապատված էր լայնատարած այգիներով և ձեռնատունկ անտառներով։ Այդ անտառներից մեկի միջումն էինք գտնվում: