Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսնկա գիշեր էր։ Բայց ծառերի խտության մեք չէր թափանցում Լուսնի արծաթափայլ Լույսը։ Իմ նոր ընկերները ծառերի ճյուղերից հյուսել էին այդ անտառում մի փոքրիկ տաղավար. նրա մեջ նստած էինք։ Նրանք ինձ հաց տվին, խմացրին, աշխատում էին ամեն կերպով մխիթարել ինձ։ Գիշերը քնեցի ես խիստ անուշ քնով։

Անցան մի քանի օրեր։ Ես գտնվում էի բոլորովին ապահով դրության մեջ և ամենևին երկյուղ չունեի, թե անտառների այս մոռացված խլության մեջ ֆերրաշները կարող էին գտնել ինձ։ Բայց ինձ անհանգստացնում էր վարպետիս վիճակը. ես մտածում էի իմ մոր, իմ քույրերի մասին։ Ինձ հայտնի էին պարսից դատավորների անիրավությունները. ես գիտեի, երբ որևիցե հանցավոր փախչում է, ձեռք չէ ընկնում, այն ժամանակ նրա փոխարեն կալանավորում են նրա մերձավորներին, սկսում են չարչարել, մինչև հանցավորը հայտնվի։ Բայց ինչո՞վ էի հանցավոր ես, ի՞նչ էի արել, կամ ի՞նչ մեղ ուներ վարպետս։ — Ինձ ոչինչ հայտնի չէր։

Ընկերներս հանգստացնում էին ինձ, խոստանում էին, թե ճիշտ տեղեկություններ կբերեն թե՛ վարպետիս և թե մեր ընտանիքի դրության մասին, բայց դեռ որոշ ոչինչ չէին ասում։

Օրըստօրե ընկերներիս հետ ավելի մտերմանում էի և ավելի ընտելանում էի նրանց սովորություններին։ Այդ ուրախ, մշտազվարթ պատանիները այժմ այն չէին, որպես ես տեսել էի, որպես ես ճանաչում էի նրանց, երբ դեռ տեր-Թոդիկի դպրոցում սովորում էին։ Այժմ բոլորովին փոխվել էին։ Այդ դպրոցի աշակերտներից շատերի հետ ես ծանոթ էի, որովհետև դպրոցը գտնվում էր մեր արհեստանոցի մոտ։ Երբեմն ես դնում էի այնտեղ, որ տեսնեմ, թե ինչպես են սովորում աշակերտները։ Ես նրանց ուսման մասին դատել չէի կարող, բայց զարմանում էի, տեսնելով, որ համարյա բոլորը ապուշ, բթամտացած տղերք էին, կարծես նրանց մեջ շունչ և հոգի չկար։ Վարժապետի մշտական երկյուղը շինել էր այդ ողորմելիներին կենդանի դիակներ։ Ես չէի տեսնում նրանց մոտ զվարթ երեսներ, ինձ թվում էր, թե արտասուքը միշտ հոսում էր նրանց աչքերից։ Երկյուղը՛ մի գուցե ընկերը մաաներ իրան, շինել էր բոլորին կասկածոտ և կեղծավոր։ Ծեծի և ճիպոտների ուժով աշակերտների գլուխներում միտք տարածելը շինել էր նրանցից մի տեսակ կապիկներ, որոնք չեն կարող որոշել իրանց խաղի ձևերը, մինչև խաղացնողը չէր շարժում ձեռքի գավազանը։

Բայց Կարոն, Ասլանը, Սագոն թեև նույն դպրոցի աշակերտներն էին, բայց այժմ իրանց աշակերտակիցների նման չէին։