Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետնի տակ։ Մեզ հայտնի էին տեղերը, գիշերով գնում էինք, բաց էինք անում, վեր էինք առնում որքան մեզ պետք էր։ Մենք խղճմտավոր և փոքրիկ գողեր էինք. մեզանից հասակով ամենամեծը քսան տարեկան հազիվ կլիներ։

Ես առաջ շատ երկչոտ էի. վախենում էի դևերից, սատանաներից և մինչև անգամ մաշկաթևիկներից։ Իսկ այժմ ո՞րտեղից էր այդ քաջասրտությունը, որ ես ոչ մեկ բանից էլ չէի վախենում։ Երևի, ազատ կյանքը մտցրեց իմ մեջ այդ երկաթի սիրտը։ Իմ ընկերները բոլորն էլ զենքեր ունեին, ես թեև չունեի, բայց մի տեղ գնալու ժամանակ նրանք իրանց զենքերից ավելորդը ինձ էին տալիս։

Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպած է, կայծակը երբեմն փայլատակում է և որոտը որոտում է,— այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։

Բայց բոլորովին հակառակ ազդեցություն էր անում իմ վրա, երբ բնությունը խաղաղ էր, երբ երկինքը ուրախ էր, երբ լուսինը մեղմ ընթացքով սահում էր հստակ կամարի վրայով, երբ ամեն տեղ տիրում էր մի խուլ, խորհրդավոր լռություն։ Այսպիսի րոպեներում իմ սիրտը կարծես թե ազնվանում էր, քնքշանում էր, ես փափագում էի սիրել... և իսկույն միտս էր գալիս գեղեցիկ Սառան։

Սառան մեր հարևանի աղջիկն էր, մենք միասին էինք մեծացել և մեր մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել։ Այն օրից, որ փախստականի կյանք էի վարում, ամենևին չէի տեսել նրան։ Ա՜խ, ո՛րքան կտխրեր նա, ո՛րքան լաց կլիներ յուր կորած, մոլորված սիրելիի համար...։ Ես երևակայում էի Սառայի դրությունը, նա այնքան բարի, այնքան զգայուն աղջիկ էր, որ չէր կարող չցավել իմ վիճակի վրա։ Բայց ես այն աստիճան վայրենացել էի, իմ սիրտը այն աստիճան կոշտացել էր և իմ կամքի զորությունը այն աստիճան թուլացել էր, որ չէի կարողանում գնալ նրա մոտ, մխիթարելու նրան։ Ես մոռացել էի մինչև անգամ մորս, քույրերիս և հարգելի վարպետիս։ Իմ նոր ընկերները կարծես կախարդել էին ինձ, կարծես մի աներևույթ զորությամբ կաշկանդվել էի նրանց հետ և ամենևին բաժանվել չէի ցանկանում։ Մարդկային բնակությունը, մարդկային հասարակությունը ինձ խորթ էր թվում։ Ես սիրում էի ազատ դաշտերը, լեռները, անտառները