Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մթին ձորերի քարանձավները...։ Ես դարձել էի գիշերային բու, որ խավարի մեջ է որսում իր որսը...։

Ոչ մի մարդկային արարած չէր անցկենում այն անտառի միջով, ուր թաքնվում էինք մենք։ Միայն երբեմն հայտնվում էր մի բարձրահասակ որսորդ, որը հրացանն ուսից քաշ գցած, մի զույգ շների հետ, որպես այն մթին անտառների ծերունի աստվածը, հանդարտ անց էր կենում, մտախոհությամբ յուր շուրջը նայելով։ Կարոն, Ասլանը և Սագոն բնավ չէին խորշում այդ տարապայման որսորդից։ Երբեմն նա մոտենում էր, նստում էր մեր տաղավարի առջև հանգստանալու համար։ Նա բաց էր անում յուր ահագին ճաղատ գլուխը, սրբում էր ճակատի քրտինքը, սկսում էր ծխել։ Նրա գագաթը պատած էր խորին սպիներով։ Երևում էր, այդ պատկառելի մարդը յուր կյանքը անց էր կացրել սոսկալի կռիվների մեջ։ Նրան ես ճանաչում էի. նա շատ անգամ գալիս էր վարպետիս արհեստանոցը, զանազան գործիքներ էր շինել տալիս։ Նրան կոչում էին Ավո։

Առաջին անգամ, երբ տեսավ ինձ, հարցրեց Կարոյից.

— Դա ո՞վ է։

— Խաչագողներից է,— պատասխանեց Կարոն ծիծաղելով։

— Խաչագողները շատ օգտավետ մարդիկ կլինեին,— ասաց նա մի առանձին խորհրդավոր ձայնով,— եթե իրանց խելքը, սրամտությունը և բոլոր զարմանալի ճարպկությունները, որ ունեն նրանք, գործ դնեին, փոխանակ խաբեությունների, ավելի լավ գործերի մեջ, մարդկային բարօրության համար։ Նրանք ամենակարող մարդիկն են. նրանք հրաշքներ կգործեին, եթե ազնիվ լինեին...։

— Ես նրանց նման չեմ լինի,— պատասխանեցի կարմրելով։

— Տացե աստված, որ չլինես, որդի,— ասաց նա, ուղիղ նայելով իմ երեսին.— Բայց հասկացի՛ր, որ դու ևս միևնույն ճանապարհի սկզբումն ես կանգնած, եթե փոքր-ինչ առաջ գնալու լինես, նրանց նման կլինես...։

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Միայն մտածում էի, ինչպես է պատահել, որ մի այսպիսի բարի մարդը, որը զզվում է խաչագողներից, որը ցանկանում է, որ նրանք ուղղվեին և իրանց հմտությունները մարդկային օգտի համար գործ դնեին, մի այսպիսի մարդը բարեկամ է Կարոյի և նրա ընկերների հետ, ներում է նրանց գողությունները։ Գուցե, մտածում էի ես, այդ բարեկամությունը մանկահասակ սրիկաներին ուղղելու և նրանց ավելի հաստատ ու բարոյական ճանապարհի վրա կանգնեցնելու համար է։