Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանկագին իրեղեններ։ Ամրոցից այլևս ուրիշ բաներ չէին տարել։ Ավազակները մոռացությամբ թողել էին արկղի վրա այն բանալին, որով բաց էին արել նրա փականքը։ Քննելով այդ բանալին, ստուգվեցավ, որ շինված էր քո վարպետի արհեստանոցում։

— Ի՞նչով ստուգվեցավ։

— Նրա վրա դրված էր արհեստանոցի փոքրիկ դրոշմը, որ կրում էր յուր մեջ մի մուրճ, հորիզոնաձև դրած, իսկ նրա ներքո երկու տառեր՝ Գ. և Մ...։ Այդ տառերը քո վարպետի անունի և ազգանունի սկզբնատառերն են, կարծեմ քեզ պետք է ծանոթ լինի այդ դրոշմը։

— Ծանոթ է..․,— պատասխանեցի ևս խեղդված ձայնով։

Ես մտաբերեցի այն բանալին, որը մի ժամանակ շինել էի քավոր Պետրոսի համար, և որի գոյության մասին բոլորովին մոռացել Էի։ Որպես մի չար եղեռնագործ, ես զգացի այն բոլոր զարհուրանքը, թե իմ անգիտությամբ որպիսի սարսափելի դժբախտություն պատճառեցի իմ սիրելի վարպետին։ Իմ ձեռքն էր շինել այն բանալին, ես էի դրել նրա վրա արհեստանոցի փոքրիկ դրոշմը։ Իսկ այժմ իմ փոխարեն պիտի պատժվեր արդար և ազնիվ արհեստավորը։ Հրապարակի վրա դահիճը պիտի կտրեր նրա ձեռքը։ Ի՛մ, ի՛մ ձեռքը պիտի կտրեին, ե՛ս էի արժան այդ պատժին, ինչո՞վ էր հանցավոր անմեղ մարդը...

Ես հիշեցի քավոր Պետրոսի խոսքերը, որոնցով աշխատում էր համոզել ինձ, որ ոչ ոքի չասեմ, թե նրա համար մի այսպիսի բանալի եմ շինել,— ես հիշեցի այն ընծան, որով նա խաբեց ինձ, ոտքից ցգլուխ նոր հագուստ կարել տալով ինձ համար... Ուրեմն, ես միջնորդ դարձա մի չարագործության, իսկ իմ փոխարեն պիտի պատժվեր այն ազնիվ մարդը, որը այնքան սիրում էր ինձ, որը այնքան ուրախանում էր իմ հաջողությամբ որը խոստանում էր ավելի և ավելի բախտավորացնել ինձ... Այդ դառը մտածությունները պաշարեցին ինձ, երբ բացվեցավ իմ առջև սարսափելի իրողութլունը, և ես գոչեցի իմ խռովության մեջ.

— Ապա քավոր Պետրոսը... ապա քավոր Պետրոսին ի՞նչ պիտի անեն...։

— Ո՞վ է քավոր Պետրոսը,— հարցրեց որսորդը զարմանալով։

— Մեր քավոր Պետրոսը...։

— Հա, ճանաչում եմ... Նա ի՞նչով է խառն այդ գործի մեջ։ Նա խաղաղ, հանդարտ շարունակում է յուր սովորության համեմատ ամեն առավոտ և երեկո եկեղեցի գնալ, աղոթել։ Եկեղեցուց