Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց նրա Կոջորի այն անցքը ճշմարի՞տ էր,- հարցրուց Անիչկան՝ բավական հետաքրքրվելով ընկերուհու խոսքերից։

Օրիորդ Սոֆին յուր սովորական քաղցրաբարոյությամր ծիծաղեց։

— Ո՞վ ասաց քեզ,— հարցրեց նա։

— Այդ ինձ ասաց Նինոն։

— Ա՜խ, ո՛րպիսի շաղակրատն է նա, աստված իմ, ամենևին գաղտնիք պահել չգիտե։

— Մեր մեջ ի՞նչ գաղտնիք, ասա՛ խնդրեմ։

— Այնուամենայնիվ չէ կարելի ամեն ինչ հրապարակել...

Անիչկան տեսավ, որ յուր ընկերուհին ընդունեց բավական պատկառելի ձև, սկսավ նրան թախանձել, որ հանգամանորեն պատմե Նատոյի անցքը։

— Դու արդեն լսել ես, էլ ո՞ւր ես կրկին հարցնում,— ասաց նրան օրիորդ Սոֆին։

— Կամենում եմ քեզնից լավ տեղեկանալ. դու գիտես, որ շատ չէ՛ կարելի հավատալ Նինոյի խոսքերին։

— Մենք մի օր առավոտյան պահուն գնացինք զբոսանքի բոլոր աշակերտուհիներով․ մինչև մտանք անտառը, աշակերտուհիները ցրվեցան զանազան կողմեր և սկսան ոմանք ծաղիկներ քաղել, ոմանք վայրի մրգեղեններ։ Հանկարծ նկատում ենք Նատոն աներևութացել է. մենք կարծեցինք, թե հարկավորության պատճառով մեզանից հեռացած պիտի լինի։ Բայց երկար նայեցինք՝ նա չդարձավ։ Վարժուհիները վրդովվեցան և կամենում էին որոնել նրան։ Ես իսկույն կասկածանքի մեջ ընկա, որովհետև առաջուց գիտեի նրա գաղտնիքը և թույլ չտվի վարժուհիներին՝ որոնել նրան։ Ինքս Նինոյի հետ գնացի նրան որոնելու։ Հանկարծ թփերի միջից, որ խիստ փակված էին միմյանց, լսում ենք խշշոց․ հազիվ թե կարողացանք մտնել այնտեղ, գտնում ենք Նատոյին և նրան կատարյալ ռոմանական դրության մեջ... Նա իսկույն անհետացավ, թողնելով այնտեղ յուր շլյապան, իսկ Նատոն մեր ոտքերն ընկավ և սկսեց աղաչել, որ ոչ ոքի չասենք մեր տեսածը։ Իհարկե, մենք ծածկեցինք վարժուհիներից և մյուս աշակերտուհիներից այդ անցքը․ բայց ահա Նինոն հայտնել է քեզ։

— Ես վաղուց գիտեի նրա գաղտնիքները։

Երկու ընկերուհիների խոսակցությունն ընդհատեց տիկին Բարբարեն, որ մտավ յուր դստեր սենյակը։ Անիչկան վեր կացավ, շնորհալի կերպով ձեռք տվավ նրան և շնորհավորեց օրիորդ Սոֆիի