Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա մասին իմ բոլոր նախապատրաստությունները ոչնչացան, իզուր անցան...։ Ի՞նչ էր մնում անել։ Վարպետիս դատապարտելու օրը մոտ էր.— երկու գիշեր ևս, այնուհետև նրան պիտի դուրս բերեին մեղապարտների հրապարակի վրա...։ Ի՞նչ պիտի անեի, եթե մինչև այնօր չգտնեի քավոր Պետրոսին։ Ահա մի հարց, որին վճիռ տալու մեջ ես դժվարանում էի։

«Եթե նրան չգտնեմ, ինձ կմնա կատարել իմ վերջին դիտավորությունը, այսինքն, անձամբ ներկայանալ դատավորի մոտ, խոստովանել ճշմարիտ իրողությունը և, իմ աջը մեկնելով դահճի դանակի առջև, ասել՝ «կտրեցեք այդ ձեռքը, որ յուր միամտությամբ մի չարագործի համար գործիք դարձավ...։

Բայց պետք էր նախ և առաջ տեսնվել մորս հետ. նա կմեռներ կսկիծից, եթե հանկարծ կլսեր սիրելի որդու բոթը։

Ես մտա այն փողոցը, ուր գտնվում էր մեր տունը։

Պարսից վարչության կամայականությունները ինձ բավական հայտնի էին. ես գիտեի, եթե մի հանցավոր փախստական է դառնում, կառավարությունը կա՛մ կալանավորում է նրա ազգականներին, կա՛մ նրա տան վրա սարվազներ է դնում, սկսում են նեղացնել տանեցիներին, մինչև փախստականը հայտնվի։ Ի՞նչ պիտի անեմ, մտածում էի ես, եթե կմտնեմ մեր տունը և կտեսնեմ այնտեղ սարվազներով լցված։ Քավորկինը այդ մասին ինձ ոչինչ չասեց, և ես այնքան շփոթված էի, որ մոռացա հարցնելու, թե ի՛նչ դրության մեջ է մեր տունը։

Վճռեցի նախ գնալ Սառայի մոտ, նրանից տեղեկանալ մեր ընտանիքի դրության մասին, հետո գնալ մորս տեսնելու։ Սառայենց տանը կից էր մեր տունը, նրան, իհարկե, հայտնի կլինի ամեն ինչ։

Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը — շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։ Ես ցանկանում էի տեսնել և՛ մորս, և՛ Սառային։ Որի՞ն պետք էր տալ գերադասությունը։ Սիրտս ասում էր՝ Սառային, իսկ խելքս, փոխանակ հակառակելու նրան, իրան օգնության կանչելով զգուշությունը և խոհեմությունը, հաստատում էր սրտիս բաղձանքը, ասելով ինձ, չէ՛, առաջ մորդ մոտ մի՛ գնա, այնտեղ կարող են սարվազներ լինել, ֆերրաշներ լինել, կառավարության մարդիկ լինել և այլն։ Այդ բոլորը երևակայում էի ես, որովհետև սրտիս շահերին նպաստավոր էին դրանք...։ Սառան կապված էր իմ հոգու հետ, ես նրան սիրում էի: