Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեմ կարող նկարագրել, թե ո՛րպիսի ոգևորությամբ մոտեցա ես նրանց տանը։ Երեք ամբողջ ամիսներ չէի տեսել նրան։ Կատուն այնպես արագությամբ չէր կարող թռչել, ինչպես ես բարձրացա նրանց կտուրի վրա։ Տարվա այն եղանակներում բոլոր գյուղացիները կտուրների վրա են պառկում։ Սառան քնած էր ինչպես մի երեխա։ Ես մոտեցա ձեռքով շոշափեցի նրա երեսը։ Նա զարթնեց մի անսովոր ճիչ արձակելով։ Ես փոշմանեցի, որ իմ անզգուշությամբ վախեցրի նրան։

— Ես եմ, Սառա։ Նա ճանաչեց իմ ձայնը և հանգստացավ։

— Ա՜խ, ինչո՞ւ եկար այստեղ... գնա... հիմա հայրս...։

Ես հետ քաշվեցա, վախենալով, մի գուցե զարթեցնեմ նրա հորը, որ աղջկանից մի փոքր հեռու պառկած էր։ Սառան մայր չուներ։ Երկու քայլ չէի փոխած, երբ ականջիս դիպավ նրա հազիվ լսելի ձայնը.

— Գնա՛, ներքև, այնտեղ սպասիր ինձ...

Ո՜րքան ուրախալի էր այդ ձայնը։ Ես իսկույն կտուրից իջա նրանց բակը, նստեցի սրահում և անհամբերությամբ սպասում էի։ Շատ չանցավ, Սառան բոլորովին հագնված, այնտեղ եկավ։ Նա հանդիպեց ինձ նույն հիացմունքով, որպես մեկի սիրելին գերեզմանից հարություն է առնում։ Այսպիսի դեպքերում սիրո զգացմունքը լուռ է մնում, տիրապետում է միայն ուրախության հրճվանքը, այն ևս արտասվախառն ուրախության, երկնչելով, մի գուցե սիրելին կրկին դեպի գերեզման վերադառնա...»

Սառան ճրագը վառեց, մենք մտանք նրա սենյակը։ Առաջին բանը, որ նրա աչքին ընկավ, էր իմ հագուստը։

— Ա՜խ, այդ ի՞նչ է, քո շորերը ի՜նչպես պատառոտվել են... ո՜րքան կեղտոտվել է քո շապիկը...,— ասաց նա ցավակցաբար։ —

Անտառների մեջ այսպես է լինում, Սառա։

Նա պատրաստում էր թել ու ասեղ, որ կարկատե հագուստիս պատառոտած տեղերը։ Բայց ամբողջ ամիսներով մացառների և ծառերի մեջ նրանք այնպես էին քրքրվել, որ փոքրիշատե նորոգելը մի քանի օրվա գործ էր, թեև բարի Սառայի սիրտը ցավում էր ինձ այդ վիճակի մեջ տեսնել և մտածում էր նույն րոպեում նորոգել բոլորը։

Հանկարծ նա թելն ու ասեղը մի կողմ դրեց, կարծես թե մոռացավ հագուստիս վիճակը, և մի նոր բան մտաբերելով, ասաց.