Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՜խ, ո՛րքան լաց եմ եղել ես, Մուրադ... ո՛րքան տանջվել եմ...:

— Ինչի՞ համար։ — Ասում էին, թե...

— Ի՞նչ էին ասում։

— Ա՜խ, շատ խոսքեր էին ասում... ասում էին քեզ բռնել են... ասում էին քեզ բանտն էին դրել... — Հիմա տեսնում ես, որ այդ բոլորը սուտ է. ես քեզ մոտ եմ:

— Հիմա ես ուրախ եմ։ Բայց...

— Դու կարծո՞ւմ ես ինձ դարձյալ կկալանավորեն։ — Ո՛չ... ես կարծում եմ, որ քեզ մյուս անգամ չեմ տեսնի... — Իզուր ես այսպես կարծում, Սառա։ Աստված կօգնե ինձ, ինչպես մինչև այսօր չկարողացան կալանավորել, այսուհետև ևս աստված կպահպանե ինձ։ Ես սկսեցի մխիթարել նրան։

— Ո՞ւր էիր այդքան ժամանակ, ո՞րտեղ էիր պահված,— հարցրեց նա։ Ես նկատեցի, որ ձայնը սկսեց դողալ։

— Այդ մի՛ հարցրու, Սառա։ — Ինչո՞ւ, ես չի պիտի գիտենամ։

— Հետո կասեմ քեզ։ Նա լուռ կացավ և հեկեկալով սրբում էր արտասուքը։

— Ինչո՜ւ ես լաց լինում։

— Ասում էին, որ դու գողերի հետ ես ապրում...

Խե՜ղճ աղջիկ, նա լաց էր լինում նրա համար, որ ես գողերի հետ էի ապրում։ Խաչագողի աղջիկը զզվում էր դողերից... դա հազվագյուտ երևույթ էր... դա մի մարգարիտ էր աղբի մեջ ընկած...։ Մի քանի րոպեից հետո հարցրեց նա.

— Դու մորդ տեսե՞լ ես։

— Դեռ չեմ տեսել, ուզում եմ գնալ նրա մոտ։

— Ա՜խ, եթե գիտենայիր, թե որքա՜ն մաշվել է, ո՛րքան հաքվել է նա քո պատճառով... Խե՜ղճ կնիկ, աչքերիցը արտասուքը չէր ցամաքում, միշտ լաց էր լինում... Ամեն օր գնում էի նրա մոտ, գրկում էր ինձ, համբուրում էր, ասում էր՝ «Մուրադիս կարոտությունը քեզանից եմ առնում, Սառա, դու որդուս նշանածն ես»... Ամեն անգամ խոսալիս քո անունն էր հիշում, ասում էր, աստված այնքան ժամանակ հոգիս չառնե, մեկ էլ տեսնեմ որդուս ու հետո մեռնեմ... Հիմա, ո՛րքան կուրախանա, Մուրադ, եթե քեզ տեսնելու լինի։