Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես հարցրի Սառայից, թե իմ բացակայության միջոցում ի՜նչեր էին պատահել մեր տանը։ Նա սարսափելի գույներով նկարագրեց այն բոլոր տանջանքները, որ կրել էր մայրս տեղային պարսիկ պաշտոնատարների, ֆերրաշների և սարվազների ձեռքից։ Պատմեց, թե ամեն օր գալիս էին, մորս ասում էին, ուր է որդիդ, կամ որդուդ պիտի տաս մեր ձեռքը, կամ այսքան փող պիտի տաս մեզ, որ քեզ ժամանակ տանք, մինչև որդուդ գտնես։ Եվ այսպես ամեն անգամ «ղուլլուղ.» և «ռուշվաթ» էին անում, հետո գնում էին։ Մայրս փող չուներ, որ տար և ազատվեր։ Սառայի հայրը գնում էր, նրանց փող էր տալիս և ճանապարհ էր դնում։ Հույրերս միշտ Սառայենց տանը թաքնված էին լինում, երբ նրանք գալիս էին. մայրս չէր ուզում, որ ֆերրաշները նրանց երեսը տեսնեն։ Այսպիսի շատ բաներ պատմեց ինձ Սառան, իմ սիրտը կտոր-կտոր էր լինում այդ բոլորը լսելու ժամանակ։ Եթե ես մի որևիցե հանցանք էի գործել, թող պատժեին ինձ։ Ի՞նչով էր մեղավոր մայրս, ի՞նչով էին մեղավոր քույրերս, բարեկամներս։ Հայց դա մեր երկրի կարգն էր, կորածի, մեռածի հանցանքների համար մնացածներին պատժմել...։

Լույսը սկսել էր բացվել, լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի ձայնը, այլևս Սառայի մոտ երկար մնալ անկարելի էր. շուտով նրա հայրը կիջներ կտուրից, կլվացվեր, որ եկեղեցի գնա աղոթելու։ Սառան չէր ցանկանում, որ յուր հայրը մեզ միասին նստած տեսներ։ Զարմանալի բան է սովորությունը։ Սառան իմ նշանածն էր, քանի տարի էր, որ մայրս այդ նազելի աղջկան նշանել էր ինձ համար որպես հարսնացու։ Բայց մենք իրավունք չունեինք միմյանց հետ տեսնվելու, միմյանց հետ խոսելու, մինչև այն օրը, քանի որ դեռ քահանան աստուծո սեղանի առջև չէր ասել՝ թե նա իմ կինն է, իսկ ես նրա ամուսինը։ Եվ մեր երկրում՝ խիստ սրբությամբ էր պահպանվում այդ կարգը։

Ժամատան բարձրությունից լսելի եղավ կոչնակի երկրորդ անգամի զարկը։ Ամբողջ Սավրան այժմ ոտքի վրա էր։ Ծերունիները, պառավները պիտի գնային ժամ աղոթելու, իսկ ավելի մանկահասակները պիտի գնային դեպի մշակության դաշտերը գործելու։

Մեր տունը Սառայենց տնից բաժանված էր մի ցած միջնապարիսպով միայն։ Այդ միջնապարիսպը, գիշերային մթության ժամանակ, շատ անգամ եղել էր մի խորհրդապահ վկա իմ և Սառայի տեսություններին։ Նա կանգնած իրանց բակի կողմից, ես կանգնած մեր բակի կողմից, իսկ մեր մեջտեղում միջնապարիսպը, ամբողջ ժամերով խոսում էինք, խոսում ու չէինք կշտանում։ Իսկ